Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 23.35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում ստացվեց արտակարգ իրավիճակների նախարարության 911 ծառայությունից. Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում: Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնեց դեպքի վայր:
Գերեզմանատան պահակը տարածքում էր: Նա իրավապահներին հայտնեց, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի մեքենան:
Ոստիկանների առաջին գործը եղավ պահակին տեղափոխվել հիվանդանոց՝ հետազոտման: Տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ. մի խոսքով, այն ամենը, ինչ ձեռնարկվում է նման իրավիճակներում, Նաիրիի ոստիկանները փորձեցին: Իսկ առավոտյան քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում է: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանեց, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:
Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են: