ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզում իրականացված «Ափդեյթ» ծրագիրն ամփոփվել է՝ «10 երգ Գեղարքունիքից» գրքույկի շնորհանդեսով:
Ծրագրի ընթացքում հավաքված երգերից մասնագիտական խումբն ընտրել է 10 երգ և դրանց տեքստերն ու նոտաները տպագրել գրքույկում: Երգերի հանրայնացման գործընթացը խթանելու ու ավելի հետաքրքիր դարձնելու համար գրքույկի էջերը ձևավորվել են որպես փոստային բացիկներ, որոնք կարելի է ուղարկել աշխարհի տարբեր կողմեր` հանրահռչակելով հայկական երգն ու մշակույթը:
Չորս ամիս տևողությամբ ծրագրի շրջանակում երիտասարդների խումբը շրջել է Գեղարքունիքի մարզի 15 համայնքներով և 29 երգասացներից հավաքել 40-ից ավելի երգեր, որոնց մի մասը հանրությանն արդեն հայտնի, իսկ մի մասն էլ դեռևս չբացահայտված երաժշտական գոհարներ են:
Երգասացներից ամենաերիտասարդը 16 տարեկան Անգելինա Գաբոյանն էր՝ Խաչաղբյուր համայնքից: Նա Խաչաղբյուրի երաժշտական ժառանգությունը ներկայացրել է պապի՝ Սոս Գաբոյանի հետ: Ամենատարեց երգասացն էլ 94-ամյա Անուշավան պապն էր՝ Ծովազարդ համայնքից:
Հավաքված երգերի թեմատիկան բավականին բազմազան է` հայրենասիրական, հայրենի հողն ու ջուրը գովերգող, հարսանեկան, սիրային երգերից մինչև կատակերգեր, խորհրդային գյուղխորհուրդների առօրյան ներկայացնող և, իհարկե, մանկական խաղիկներ:
Ծրագրի ավարտին Տուրիզմի կոմիտեի հետ համատեղ Սևանում տեղի է ունեցել գրքույկի շնորհանդեսը, որին մասնակցել են նաև երաժշտական խմբեր և անհատ երաժիշտներ: