Եվրոպայում գազի գինը հոկտեմբերի 5-ին կրկին ռեկորդ է գրանցել՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 1300 դոլարի: Այդ մասին վկայում են ICE բորսայի տվյալները: «Երկնագույն վառելիքի» գինը Եվրոպայում ռեկորդներ է սահմանում սեպտեմբերի առաջին կեսից: Սեպտեմբերի 15-ին գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 900 դոլարը: Սեպտեմբերի 28-ին անցել է 1000 դոլարի նշագիծը, իսկ հոկտեմբերի 4-ին հասել է 1200 դոլարի:
*****
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Չինաստանում կոմկուսի կենտկոմի քաղբյուրոյի անդամ, Արտաքին գործերի հանձնաժողովի քարտուղար Յան Ցզեչին այս շաբաթ բանակցություններ կանցկացնեն Շվեյցարիայում: Այդ մասին տեղեկացրել է South China Morning Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ըստ կայքի՝ հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 6-ին: Բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը կարող է լինել պետությունների ղեկավարների գագաթնաժողովի կազմակերպումը: ԱՄՆ-Չինաստան բարձր մակարդակի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել մարտի 18-19-ին՝ ԱՄՆ Ալյասկա նահանգում: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ջեյք Սալիվանը հանդիպել են Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի և Յան Ցզեչիի հետ:
*****
Լոնդոնում և Անգլիայի հարավ-արևելքում բենզալցակայանների շուրջ 20 տոկոսում բենզին չկա: Այս մասին հայտարարել է Վառելիք վաճառողների բրիտանական ասոցիացիան, փոխանցում է Reuters-ը: Միացյալ Թագավորությունում առանց բենզինի է մնացել լցակայանների 8 տոկոսը: Իշխանությունների որոշմամբ՝ շուրջ 200 զինվորական պահեստներից բեռնատարներով վառելանյութ է հասցնում լցակայաններ: Նախկինում զինվորականները ներգրավված են եղել, օրինակ՝ սուպերմարկետներում բեռնատարների բեռնաթափմանը՝ համաճարակի պայմաններում ստեղծված դեֆիցիտի պատճառով: Վառելիքի ճգնաժամը Բրիտանիայում սկսվել է սեպտեմբերի կեսից: Պատճառը բեռնատարների վարորդների պակասն է:
*****
Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել հանրապետությունում աշխատող դիվանագետների գաղտնալսման վերաբերյալ ունեցած տվյալների կապակցությամբ: Այդ մասին ասված է դիվանագետների համատեղ նամակում: Նրանք նշել են, որ անվտանգության ծառայությունների բացահայտած հեռախոսային գաղտնալումները հակասում են «Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961թ. Վիեննայի կոնվենցիային» և վնասում Վրաստանում դիվանագետների բնականոն գործունեությանը: Սեպտեմբերին վրացական ԶԼՄ-ներն անանուն աղբյուրից նամակներ են ստացել, որոնք պարունակել են երկրի հոգևորականների հետ լրագրողների, քաղաքական, հասարակական գործիչների գաղտնազերծված հեռախոսազրույցները։ Վրաստանի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ:
*****
Միացյալ Նահանգները Վրաստանին կոչ է արել հարգել Սաակաշվիլու իրավունքները: Նման հայտարարություն է արել Միացյալ նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը: «Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` Սաակաշվիլու նկատմամբ ապահովել արդարացի վերաբերմունք՝ Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների ոլորտում նրա ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է նա: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին և այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ սահմանի անօրինական հատման հիմքով:
*****
Միացյալ Նահանգների իշխանությունները ուսումնասիրում են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» հրապարակումը՝ որոշ համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց օֆշորային հաշիվների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարությունն արել է ԱՄՆ պետական պարտքին նվիրված ելույթին հարջորդած հարցուպատասխանում: «Պանդորայի փաստաթղթերում» հիշատակվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը: Նշվում է, որ Ալիևի ընտանիքը, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, Լոնդոնում ձեռք է բերել շուրջ 700 միլիոն դոլարի անշարժ գույք։
ՖԲ- Գազի գնի պատմական նոր ռեկորդ Եվրոպայում: Չինաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները կհանդիպեն Շվեյցարիայում. ԶԼՄ-ներ: Մեծ Բրիտանիայի բանակը ներգրավվել է վառելիքի ճգնաժամի հաղթահարմանը: Մանրամասները՝ տեսաշարում