ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպեց ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սիմոնյանը նախ ներկայացրեց պաշտոնական այցի շրջանակում ունեցած բարձր մակարդակի հանդիպումներն ու դրանց արդյունքները՝ արձանագրելով, որ բազմաթիվ ոլորտներում երկու դաշնակից երկրների շահերը համընկնում են:
Ալեն Սիմոնյան, ՀՀ ԱԺ նախագահ - Կա ընդհանուր ընկալում թե՛ ստեղծված իրավիճակի, թե՛ համագործակցության, թե՛ հետագա քայլերի հետ կապված:
Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանում անվտանգային խնդիրների կարգավորմանն ու տևական խաղաղության հաստատմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում և Հայաստանի սահմանների շուրջ տիրող իրավիճակը, գերիների անհապաղ վերադարձը և չլուծված այլ մարդասիրական խնդիրներ:
Ազգային ժողովի նախագահն ընդգծեց՝ սահմանազատումն արվելու է խորհրդային քարտեզների հիման վրա, և հարցի արագ լուծումը կենսական նշանակություն ունի նախևառաջ Հայաստանի համար՝ անվտանգային տեսանկյունից:
Ալեն Սիմոնյան - Կարող եմ ուրախությամբ արձանագրել, որ մեր առաջարկած քարտեզները համընկնում են ռուսական կողմի քարտեզների հետ:
Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի համապարփակ լուծման անհրաժեշտությունից է խոսում: Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո համապարփակ լուծման անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը կարողանան հասնել երկարատև խաղաղության։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության օրակարգում է:
Ալեն Սիմոնյան - Արդեն Մինսկի խմբի համանախագահներն են եկել նրան, որ ասում են՝ կարգավիճակի հարց կա, մենք կարգավիճակի հարցը պահում ենք և պահելու ենք օրակարգում: Եվ հենց դրա համար է Ադրբեջանը մեզ ասում՝ եկեք խաղաղության պայմանագիր կնքենք, դեմարկացիա անենք, մենք էլ ասում ենք՝ լավ, բայց դա կապ չունի Ղարաբաղի հետ:
Հանդիպմանը մասնակցող Ազգային ժողովի պատվիրակության մյուս անդամները ներկայացրին արցախցիների կորուստների փոխհատուցման վերաբերյալ Կառավարության տարաբնույթ ծրագրերը: Տեղահանվածներին հատկացվել է 50 մլրդ դրամ, ևս 13 մլրդ դրամ էլ հավելյալ՝ տարբեր կարիքներ հոգալու համար:
Ալեն Սիմոնյան - Հանրային հեռուստաընկերությունն իրականացնում է «100 տուն Արցախում» նախագիծը, որի նպատակն է բնակարանով ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիներին: Մենք նույնպես մասնակցում ենք այդ ծրագրին: Մեր նպատակն է մարդկանց բնակեցնել Արցախում:
Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն օրենսդիրի ղեկավարի հետ քննարկեցին Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը, հայրենադարձմանը, Հայաստանում ներդրումներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքին առնչվող հարցեր:
ԱԺ նախագահը շեշտեց, որ հայրենադարձման խնդիրը Կառավարության ուշադրության կենտրոնում է, և խոստացավ իր լիազորությունների շրջանակներում հարցերի բազմակողմանի ուսումնասիրության և կարգավորման վերաբերյալ հանձնարարականներ տալ: