Ինովացիոն տեխնոլոգիաներով գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության և գյուղական տուրիզմի համար առաջին անգամ դրամաշնորհներ է հատկացրել Արցախի կառավարությունը: Աշանից Բալասանյանների ընտանիքն ուզում է հավաբուծարան բացել: Ասում են՝ մշտական աշխատատեղեր կստեղծեն, ինչը գյուղերում դեռ խնդիր է:
Արմեն Բալասանյան (դրամաշնորհային ծրագրի հայտատու) - Սկզբնական շրջանում այնտեղ կբուծվեն 6 հազար թև աքլոր և հավ: 456 քառակուսի մետր տարածք ունեցող շենքը նպատակահարմար է օգտագործել որպես ֆերմա: Սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:
Դրամաշնորհային ծրագրի բյուջեն 100 միլիոն դրամ է, 10 դրամաշնորհի համար դիմել է 36 քաղաքացի: էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունում ծրագրից հստակ ակնկալիքներ ունեն:
Թամար Գրիգորյան (Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարի խորհրդական) - Զբաղվածության մակարդակի բարձրացումը, համայնքների զարգացումը, համայնքներում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը, համայնքներում առկա տնտեսական ռեսուրսների օգտագործումը և գյուղատնտեսական արտադրանքների ստացումը, ինչպես նաև նորարարության խրախուսումը երիտասարդության շրջանում, ինչը շատ կարևոր է թե՛ հոգեբանական կլիմայի առողջացման համար և թե՛ տնտեսական ակտիվ գործունեություն ծավալելու համար:
2020-ի պատերազմից հետո Արցախում խոզի մսի գինն աճել է: Պատճառը որակյալ մսի պակասն է՝ պայմանավորված գյուղացիական տնտեսությունների կորստով: Դրամաշնորհը ստանալու դեպքում Ասկերանից Արամ Կասյանը կզբաղվի խոզաբուծությամբ:
Արամ Կասյան (դրամաշնորհային ծրագրի հայտատու) - Երկրորդ հարկում կունենանք մեծ տարածք, ազատ տարածք, որը հետագայում կարելի է օգտագործել հավաբուծության կամ ճագարաբուծության համար: Կարող ենք տարբեր բիզնեսներ կազմակերպել:
Դրամաշնորհային ծրագրից օգտվել ցանկացողներն այսօր հանձնաժողովին են ներկայացրել գործարար ծրագրերը: Դրանք ամփոփելու համար մասնագիտական խումբը 3 օր ժամանակ ունի:
Հայկ Պետրոսյան (հանձնաժողովի անդամ) - Կնախատեսենք, որ բիզնես նախագծեր ներկայացնողները որոշակի գրագիտություն ձեռք բերեն բիզնեսի կառավարման, որովհետև կապ չունի, թե բիզնեսը որտեղ ես ներկայացնում: Այն ունի իր հստակ կանոնները՝ մրցակցություն, շուկա, գնագոյացում:
Պարտադիր պայման է, որ ծրագրի շահառուները բիզնեսները սկսեն Արցախում և ծրագրի ավարտական փուլում ներդնեն դրամաշնորհի մոտ 20 տոկոսի չափով գումար՝ սեփական միջոցներից: