Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հերթական արտահերթ նիստն է գումարել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցով։
Ընդդիմադիր խմբակցությունները հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, վերջինս վեցերորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում կրկին առաջադրվի նույն թեկնածուն և չընտրվի, ապա հարկադրված կլինեն առաջարկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:
«Եթե նույն անձը երկու անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվում, ապա իրավասու խմբակցությունն առաջադրում է նոր թեկնածու, ինչպես, օրինակ՝ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության դեպքում է, այն տարբերությամբ, որ նախագահների ընտրության դեպքում նույն անձը չի կարող երկրորդ անգամ առաջադրվել»,- նշել է Քոչարյանը: