«Հայաստան» խմբակցությունից Արթուր Ղազինյանը հերթական անգամ չընտրվեց պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Ընդդիմությունն արդեն վեցերորդ անգամ ներկայացնում է նույն թեկնածուին, իշխանությունը՝ նույնքան էլ՝ դեմ քվեարկում: «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը այսօրվա նիստում հայտարարեց՝ Ղազինյանին ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում: Ինքը Ղազինյանը՝ հրաժարվեց հիմնական ելույթից, չպատասխանեց նաև պատգամավորների հնարավոր հարցերին: Ասաց՝ նախորդ նիստերին ընդհանուր առմամբ պատասխանել է մոտ 20 հարցի:
Արթուր Ղազինյան («Հայաստան» խմբակցության պատգամավոր) - Ես գտնում եմ, որ երբևէ չեմ խուսափել հարցերին պատասխանելուց, համբերատար պատասխանել եմ բոլոր հարցերին, չեմ արհամարհել և էլի պատրաստ էի, եթե գտնվեինք ռացիոնալիզմի դաշտում, բայց ինչպես տեսնում ենք, և դուք էլ հայտարարել եք՝ ունեք քաղաքական որոշում, քաղաքական հրահանգ ձեր ղեկավարից դեմ քվեարկելու, հետևաբար ինքնանպատակ ելույթների, հարցուպատասխանի կարիք չկա, իմ մասնակցությունն էլ՝ անիմաստ:
Ընդդիմությունը պաշտոնը չի զիջի իշխանությանը, հավելեցին «Հայաստան» խմբակցությունից և լքեցին նիստերի սրահը:
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Պարո՛ն Ղազինյան, գուցե հարցեր են մնացել ձեզ, այ հիմա դուք ոչ թե խրամատային, այլ պարտիզանական շարժում եք սկսել, պարտիզանների պահվածք է լրիվ:
Հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի քննարկումը շարունակվեց առանց ընդդիմադիրների: «Քաղաքացիական պայմանագրից» Քրիստինե Պողոսյանը ընդգծեց՝ «Հայաստան» խմբակցության որևէ թեկնածուի ինքը կողմ չի քվեարկել և չի քվեարկի:
Քրիստինե Պողոսյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր - Խնդրում եմ տեղյակ պահել Արթուր Ղազինյանին, որ իմ ձայնի վրա հույս չդնի, կարող է այլ պատգամավորների հետ բանակցել:
Իշխանական պատգամավորները անդրադարձան նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի՝ երեկվա ասուլիսում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին վերաբերող հայտարարությանը: Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությանը նվիրաբերվել է ընկերության բաժնեմասերի 25 տոկոսը, ինչը կազմում է կոմբինատի ընդհանուր կապիտալի 15%-ը:
Վահագն Ալեքսանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ռոբերտ Քոչարյանը այդ գործարքը որակել է կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ, ես իհարկե չեմ կարծում, որ դա Քոչարյանի համար բարձրագույն պիլոտաժ է, բայց ես կարծում եմ, որ Քոչարյանը ինչ-որ չափով վանում է իրենից այն միտքը որ կոմբինատի ինչ-որ չափ կարող է անցնել պետությանը, բայց մերժման փուլերը կանցնի և կհամակերպվի:
Վերադառնալով հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցի քննարկմանը՝ Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ իր տպավորությամբ՝ Ռոբերտ Քոչարյանը թույլ չի տալիս, որ խմբակցությունը այլ թեկնածու առաջադրի:
Անդրանիկ Քոչարյան (ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Մենք այդ հարցի հետ կապված լուծում կգտնենք, և այդ հնարավարությունը կտանք նաև «Հայաստան» դաշինքին, որ ազատագրվեն իրենց առաջնորդի կամքից:
Իշխող մեծամասնությունը մտադիր է փոխել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքը, որը հնարավորությունը կընձեռի ներկայացնել այլ թեկնածու: