ԱԼԻԵՎԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԻՐԱՆԻՆ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օկուպացված Ջրական այցի ժամանակի արձագանքել է պաշտոնական Թեհրանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ Բաքուն նպաստում է տարածաշրջանում ահաբեկիչների և Իսրայելի ներկայությանը: Նա սպառնացել է, որ Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն թողնելու:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Մենք ուշադրություն չդարձրեցինք, երբ իրանցի ինչ-որ մոլլա վերջերս իր բերանը բացեց և զրպարտություններ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին: Սակայն, ցավոք, հետո իրանցի պաշտոնյաները սկսեցին նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել: Ասում են, թե իբրև Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Բացեք ձեր աչքերը... կա՞ն ապացույցներ, չկան: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը անհիմն զրպարտի մեզ:
ՔՐԳՈՐԾԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻՆ ԳԱՂՏՆԱԼՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները երկրի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը մտահոգություն են հայտնել հանրապետությունում աշխատող դիվանագետների գաղտնալսման վերաբերյալ ունեցած տվյալների կապակցությամբ: Այս մասին ասված է դիվանագետների համատեղ նամակում:
Դիվանագետները նշել են, որ անվտանգության ծառայությունների բացահայտած հեռախոսային գաղտնալումները հակասում են 1961թ. Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային և վնասում Վրաստանում դիվանագետների բնականոն գործունեությանը:
Սեպտեմբերին վրացական ԶԼՄ-ներն անանուն աղբյուրից նամակներ են ստացել, որոնք պարունակել են երկրի հոգևորականների հետ լրագրողների, քաղաքական, հասարակական գործիչների գաղտնազերծված հեռախոսազրույցները։ Վրաստանի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ:
ԱՄՆ-Ը ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԱՐԳԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Միացյալ Նահանգները Վրաստանին կոչ է անում հարգել Սաակաշվիլու իրավունքները: Նման հայտարարություն է արել Միացյալ նահանգների պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:«Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին` Սաակաշվիլու նկատմամբ ապահովել արդարացի վերաբերմունք՝ Վրաստանի օրենքներին և մարդու իրավունքների ոլորտում նրա ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան»,- ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին և այժմ գտնվում է Ռուսթավի քաղաքի բանտում: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ սահմանի անօրինական հատման հիմքով:
ԱԼԻԵՎԻ ԳԱՂՏՆԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ՝ «ՊԱՆԴՈՐԱՅԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ»
Միացյալ Նահանգների իշխանությունները ուսումնասիրում են Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի «Պանդորայի փաստաթղթեր» հրապարակումը՝ որոշ համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց օֆշորային հաշիվների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը հայտարարությունն արել է ԱՄՆ պետական պարտքին նվիրված ելույթին հաջորդած հարցուպատասխանում:
«Պանդորայի փաստաթղթերում» հիշատակվում են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա ընտանիքը: Նշվում է, որ Ալիևի ընտանիքը, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, Լոնդոնում ձեռք է բերել շուրջ 700 միլիոն դոլարի անշարժ գույք։