Ադրբեջան-Իրան հարաբերություններում ստեղծված լարվածությունը ոչ միայն պահպանվում է, այլ նաև առավել բացահայտ բնույթ է ստանում: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Ջրական այցի ժամանակ արձագանքել է պաշտոնական Թեհրանի մեղադրանքներին, ըստ որոնց՝ Բաքուն նպաստում է տարածաշրջանում ահաբեկիչների և Իսրայելի ներկայությանը: Նա սպառնացել է, որ Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներն անպատասխան չեն թողնելու:
Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ - Մենք ուշադրություն չդարձրինք, երբ իրանցի ինչ-որ մոլլա վերջերս իր բերանը բացեց և զրպարտություններ հնչեցրեց Ադրբեջանի հասցեին: Սակայն, ցավոք, հետո իրանցի պաշտոնյաներն սկսեցին նմանատիպ մեղադրանքներ հնչեցնել: Ասում են, թե իբրև Ադրբեջանը Իսրայելին բերել է այս տարածաշրջան: Բացեք ձեր աչքերը. կա՞ն ապացույցներ, չկան: Եթե ապացույցներ չկան, բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց ասածների համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը անհիմն զրպարտի մեզ:
Ավելի ուշ Ալիևը հատուկ լուսանկարվեց իսրայելական արտադրության Harop անօդաչու թռչող սարքի հետ՝ այդկերպ փորձելով ավելի համոզիչ դարձնել իր սպառնալիքները: Իրանական կողմի պատասխանը չուշացավ: Հոկտեմբերի 5-ին ադրբեջանական լրատվականները գուժեցին, որ Թեհրանը պաշտոնական խողովակների միջոցով Ադրբեջանին հայտնել է, որ արգելում է իր տարածքով դեպի Նախիջևան ռազմական մատակարարման գործառույթ իրականացնող ադրբեջանական ինքնաթիռների թռիչքները:
Ադրբեջանական դաշտում այս տեղեկությունը բուռն արձագանքի է արժանացավ, իսկ իրանական կողմի որոշումը՝ որակվել է «դավաճանական», որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ: Իր հերթին՝ նույն օրը Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Բաքվում փակվել է Հուսեյնիե մզկիթը, որտեղ տեղակայված է նաև Իրանի գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը: Պաշտոնական պատճառաբանությունը կորոնավիրուսի համավարակն է:
Էհսան Զահիդով, Ադրբեջանի ՆԳ նախարարության մամուլի ծառայության ղեկավար - Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տվել, որ տվյալ մզկիթն այն վայրերից է, որտեղ վերջին շրջանում տարածվում է կորոնավիրուսը: Այդ իսկ պատճառով մզկիթի գործունեությունը դադարեցվել է, և այնտեղ անցկացվում են հակահամաճարակային միջոցառումներ:
Չնայած պաշտոնական մեկնաբանությանը՝ Բաքվում Իրանին աջակցող շիա մուսուլմանների հավաքատեղի համարվող Հուսեյնիե մզկիթի փակումը, փորձագետների կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունի: Իրանում կրթություն ստացած շիա կրոնական գործիչների հետապնդումներն Ադրբեջանում շարունակվում են արդեն երկար տարիներ։ Հարյուրավոր կղերականներ այսօր գտնվում են ադրբեջանական բանտերում՝ թմրանյութերի տարածման, լրտեսության, հեղաշրջման փորձի և այլ շինծու մեղադրանքներով: