ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, Ն․Գ․ Լին Թրեյսիի, ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) բյուրոյի նորանշանակ ղեկավար Ալեքսիս Հաֆթվանիի, հակակոռուպցիոն հարցերով ավագ խորհրդատու Յոհաննես Վան Դեն Հուգենի և քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանի հետ։
Սասուն Խաչատրյանին շնորհավորելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն այն ոլորտն է, որի ուղղությամբ Հայաստանի և Միացյալ Նահանգների համագործակցությունը սերտ և շարունակական բնույթ է կրում, և այժմ էլ ԱՄՆ-ն պատրաստակամ է նորաստեղծ կառույցի հետ աշխատանքներ տանել այդ համագործակցությունը խորացնելու նպատակով: Միաժամանակ դեսպանը կարևորել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության անկախության և թափանցիկության ապահովումը:
Անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա անելիքներին և կառույցի առջև ծառացած մարտահրավերներին` Սասուն Խաչատրյանը առանձնացրել է չորս հիմնական բաղադրիչ, որոնց համատեղ առկայության պայմաններում հնարավոր կլինի առարկայական արդյունքներ արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
Ըստ Սասուն Խաչատրյանի` նշված բաղադրիչներն են՝ կամքը, աշխատասիրությունը, մասնագիտական գիտելիքները և նյութատեխնիկական բազան: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է ջանքեր ներդնել հատկապես վերջին երկու բաղադրիչների ապահովման ուղղությամբ, որին մեծապես կնպաստի ամերիկյան լավագույն փորձի ուսումնասիրությունը: Ս. Խաչատրյանը կարևորել է ԱՄՆ դրական փորձի ներդրումը նաև միջազգային իրավական փոխօգնության ոլորտին առնչվող աշխատանքներում:
Ինչ վերաբերում է քննիչների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը, ապա ամերիկյան կողմի փոխանցմամբ` այդ ուղղությամբ արդեն նախանշվում են վերապատրաստման և կարողությունների զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր:
Այդ համատեքստում անդրադառնալով կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես` փողերի լվացման և ապօրինի հարստացման դեպքերի քննությանը` Սասուն Խաչատրյանն ընդգծել է դրանց վերաբերյալ վերապատրաստման դասընթացների շրջանակներում առավել հաջողված կոնկրետ դեպքերի ներկայացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել են համատեղ ջանքերի գործադրմամբ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում համագործակցության ընդլայնումն ու արդյունավետության բարձրացումը: