Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին մեր երկրում դիմավորում են մայր բուհի «պատվավոր դոկտորի» կոչումով: Պաշտոնական հանդիպումներից առաջ Լուիս Մուշիկիվաբոն հուզված է կրկնակի ու եռակի, որ պատվավոր դոկտոր է հենց այն քաղաքում, որտեղ ընտրվել է Ֆրանկոֆոնիան աշխարհում տարածող երկրի գլխավոր ներկայացուցիչ:
Լուիզ Մուշիկիվաբո, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար - Նույնիսկ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնն ստանձնելուց առաջ էլ ես Ձեր երկրին կապված էի էմոցիոնալ բազում կապերով, քանի որ մեր երկու պետությունն էլ շրջապատված են բազում լեռնաշղթաներով ու օվկիանոսներով, մեր ժողովուրդներն իրար հետ կապված են ճակատագրով, մենք գիտենք՝ ինչ է նշանակում Ցեղասպանություն: Ու 3 տարի առաջ Հայաստանում գլխավոր քարտուղար ընտրվելուց հետո ես կրկին այստեղ եմ՝ Երևանում, որն ինձ հաղթանակ պարգևեց:
Իր ծննդավայր Ռուանդայի ու Հայաստանի երիտասարդներին համեմատելով՝ տիկին Մուշիկիվաբոն նկատում է՝ անտարբեր չեն աշխարհում կատարվող փոփոխություններին: Հենց դրա համար էլ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջնային ծրագրերից են երիտասարդների համար թվային, կրթական ծրագրերը, պայմանը՝ ֆրանսախոս լինելն է: Տարբեր բուհերից հանդիպմանը շտապած ուսանողներին հետաքրքրում է՝ արդյոք ուսանողների փոխանակման ծրագրեր կլինեն կամ որտեղ կարելի է կրթաթոշակներ ստանալ՝ ուսումը դրսում շարունակելու համար:
Լուիզ Մուշիկիվաբո - Բազմազանությունը մեր կազմակերպության գլխավոր առավելություններից է, քանի որ ֆրանկոֆոն երկրների մարդկանց բազմազանության շնորհիվ ենք մենք կարողանում համատեղ ծրագրեր ու նոր գործակցություն սկսել՝ փորձի փոխանցմամբ ու փոխանակման ծրագրերով: Մեր կազմակերպության մասին ես շատ բան ունեմ Ձեզ պատմելու, բայց պարոն ռեկտորի հետ մինչև այստեղ հասնելը մենք քննարկում էինք ֆրանսախոս ուսանողների՝ համատեղ փոխանակման ծրագրեր մեկնարկելու հարցը: Իհարկե, նման ծրագրերով զբաղվող կազմակերպություններ կան, բայց մենք էլ բաց ենք, եթե ցանկանաք մեզ բացահայտել:
Դիվանագիտական առումով Լուիզ Մուշիկիվաբոն ընդգծեց, որ արդեն գործում է Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում Հայաստանի դեսպանատունը, ու հույս ունի, որ Հյուսիսային Աֆրիկայում ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն առաջինը հյուրընկալող Թունիսում այս տարի հայ ուսանողներն էլ ակտիվ կլինեն՝ 18-րդ գագաթնաժողովին գուցե որպես կամավորներ մասնակցելով: