Ուկրաինայում սպասվում է Գերագույն Ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովի պաշտոնանկությունը: Այդ ուղղությամբ աշխատում է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությունը:
Գերագույն ռադայի խոսնակն անհեթեթ է համարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և «Ժողովուրդի ծառա» կուսակցության՝ իրեն ուղղված բոլոր մեղադրանքները, միաժամանակ նշել է, որ չի հետաձգի իր հրաժարականի քվեարկության նախապատրաստումը: Այս մասին հայտնում է «Ուկրաինական լուրերը»:
Ըստ քաղաքական գործչի՝ բոլոր հայտարարությունները, որ նա «հեռացել է նախագահի թիմից», ընդամենը պատրվակ են պաշտոնանկության համար: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայի առաջնորդի հետ իր հակասության հիմնական պատճառը ընտրական ծրագրի և երկրում իրական վիճակի անհամապատասխանությունն է:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի դժգոհության հիմնական պատճառը Ռազումկովի որոշումն է՝ օլիգարխների մասին օրինագիծը, որն Ուկրաինայի առաջնորդն անձամբ է ներկայացրել խորհրդարան, ուղարկել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Ռադայի ղեկավարը քննադատել է նաև ընդդիմադիր հրապարակումներն ու հեռուստաալիքները փակելու որոշումը:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին, մեկնաբանելով Ռազումկովի հետ տարաձայնությունները, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, թե, իր կարծիքով, հակասությունները ոչ թե պետք էր հանրայնացնել, այլ հաղթահարել ներքին կարգով: Զելենսկին նաև շեշտել է, որ բոլոր «ժողովրդի ծառաները» պետք է առաջնորդվեն քաղաքական ուժի ընդհանուր սկզբունքներով: