Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերջնական տվյալները՝ բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքից հետո: «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը ստացել է ձայների 46,69 տոկոսը: Երկրորդ տեղում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու ընդդիմադիր կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ)՝ հավաքելով 30,7 տոկոս: Երկրի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան - Վրաստանի համար» կուսակցությունը ստացել է 7.8 տոկոս ձայն, չորրորդ տեղում «Լելո» կուսակցությունն է՝ ձայների 2.71 տոկոսով՝ ներկայացնում է ekhokavkaza.com-ը:
ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա Վրաստանի հինգ խոշոր ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումում, Քութայիսում և Փոթիում, քանի որ առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել բավարար ձայներ՝ 50 տոկոսից ավելին:
Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են ռեկորդային թվով թեկնածուներ` 16-ը, սակայն հիմնական պայքարը գնում է «Վրացական երազանքից» Կախա Կալաձեի և ընդդիմադիր ՄԱՇ-ից Նիկա Մելիայի միջև: Առաջինը ստացել է 45,04, երկրորդը՝ 33,96 տոկոս ձայներ:
ԵԱՀԿ-ն նշել է, որ Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն աչքի են ընկել թափանցիկությամբ և կազմակերպվածության բարձր մակարդակով: