Իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթել է շաբաթ օրը կայացած ՏԻՄ ընտրություններում:
Քվեաթերթիկների ավելի քան 99 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ կուսակցությունը հավաքել է ձայների մոտ 47%-ը: Երկրորդ տեղում 31%-ով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է: Երրորդը նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է, որն ունի ձայների մոտ 8%-ը:
Բոլոր 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների ավելի քան 50%-ը: Այդ քաղաքներում հոկտեմբերի 30-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:
Ընդդիմությունն այս ընտրություններն անվանել է արտահերթ ընտրությունների անցկացման հանրաքվե՝ ակնկալելով, որ հաղթանակի դեպքում վերջ կտրվի «Վրացական երազանքի» իննամյա իշխանությանը:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիրակի հայտարարել է, որ Սաակաշվիլին կրելու է լիարժեք վեց տարվա ազատազրկում: Նա Վրաստան էր վերադարձել ընտրությունների նախօրեին՝ հոկտեմբերի 1-ին, և ձերբակալվել է նույն օրը: 2018 թվականին Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է պաշտոնեական դիրքի չարաշահման համար:
Եվրամիությունը Սաակաշվիլիի ձերբակալությունից հետո Վրաստանի իշխանություններին և ընդդիմությանը կոչ է արել պահպանել օրենքի գերակայությունը և ցուցաբերել զսպվածություն: