Հոկտեմբերի 2-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 51,92 %-ը՝ 1,815,776 ընտրող: Aliq.ge-ն համեմատության համար հիշեցրել է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրություններին` 2017 թվականին, ընտրողների մասնակցությունը զգալի ցածր էր՝ 45,65%:
Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններում Վրաստանի քաղաքացիներն ընտրել են 64 համայնքապետ և մարզային ժողովների (սակրեբուլո) 1,388 պատգամավոր:
2021-ի ՏԻՄ ընտրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 43 կուսակցություն: Թբիլիսիի քաղաքային խորհրդի անցողիկ շեմը 2,5% է, մյուս քաղաքապետարանների համար` 3%:
Մեկ այլ տեղեկության համաձայն՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն այսօր մեղադրանք կառաջադրվի սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ:
Հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ասել է, որ Ռուսթավիի բանտում գտնվող Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Որպես Ուկրաինայի քաղաքացի, նա հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: Ըստ Հանրային պաշտպանի՝ Սաակաշվիլիի տեղեկություններով՝ ձերբակալության ժամանակ նա դիմադրություն չի ցուցաբերել իրավապահ մարմինների աշխատակիցներին, և նրա նկատմամբ ուժ չի կիրառվել: