Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին հայտարարել է, որ իշխանությունը չի ցանկանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հանձնել ուկրաինական կողմին: Ըստ նրա՝ քաղաքական գործիչն իր ազատազրկման ժամկետը կանցկացնի Վրաստանում՝ գրում է ТАСС-ը:
Սաակաշվիլու դեմ հարուցվել է չորս քրեական գործ, որոնցից երկուսի վճիռներն արդեն կայացվել են: Դատարանը նախկին նախագահին հեռակա կարգով դատապարտել է երեք տարվա ազատազրկման՝ Վրաստանի Միացյալ բանկի աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության և վեց տարվա ազատազրկման՝ պատգամավոր Վալերի Գելաշվիլու ծեծի գործերով:
Մեկնաբանելով Սաակաշվիլուն Ուկրաինային արտահանձնելու հարցը՝ Ծուլուկիանին նշել է. «Վրաստանից Ուկրաինա արտահանձնումը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ անձը, որի հանձնումը պահանջում է մյուս կողմը, այնտեղ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Ուկրաինական կողմից նման տեղեկություն չկա։ Ուստի արտահանձնման մասին խոսակցություններն իրավական հիմք չունեն»:
Վրաստանի նախկին նախագահի հետ պետական սահմանը ապօրինի հատելու գործով վրացի իրավապահները ձերբակալել են ևս երկու մարդու: Այդ մասին հայտարարել է դատախազ Լևան Վեփխվաձեն:
Բերման է ենթարկել նաև Թբիլիսիի բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնված էր նախկին նախագահը մինչև ձերբակալությունը: