Պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում՝ հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
«Մեր երկրները վաղուց բարեկամական հարաբերություններ ունեն: Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել մեր հարաբերությունները»,- ասաց Ինգրիդա Շիմոնիտեն:
Իր խոսքում Ինգրիդա Շիմոնիտեն անդրադարձավ նաև Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարությանն աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Կարծում եմ, որ տեխնիկական գիտելիքի ու լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել »,-շեշտեց Լիտվայի վարչապետը: