«Հայաստանը երբեք չի ներքաշվի ընդդեմ Իրանի դավադրության մեջ»՝ հայտարարել է Հայաստանի վարչապետը Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանը Վիլնյուսում նշել է, որ Հայաստանի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, և նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ, Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մենք խոշոր նախագծեր ունենք Իրանի հետ։ Պարոն Ռայիսիի հետ քննարկումների ժամանակ առաջարկել ենք արագացնել դրանք, մասնավորապես, կառուցվում է դեպի Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրագիծը, որը կառուցում է իրանական ընկերություն, և խնդրում ենք հնարավորինս արագ կառուցել այն: Հույս ունենք առաջիկայում երկարաձգել «Գազ- էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը: Հանդիպումների ժամանակ առաջարկել եմ վերադառնանք կամ վերհիշենք, որ կար Մեղրիի ջրամբարի և ՀԷԿ-ի շինարարության հարց, որը, կարծում եմ, շատ կարևոր է ոչ միայն էներգետիկ, այլև ջրային ռեսուրսների համատեղ կառավարման առումով:
Հայաստանի ղեկավարը, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը, խոսել գերիներին վերադարձնելու և ականապատ տարածքների քարտեզների մասին:
Նիկոլ Փաշինյան - Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։ Տեսեք, Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում. առաջինը՝ մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում ու նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ. որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից. ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել:
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված իրադրությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. հետպատերազմական շրջանը շատ ծանր էր, և եթե ներքաղաքական իրադրության հետ կապված խնդիրները լուծեցինք, ապա արտաքին միջավայրի խնդիրները շարունակում են լինել:
Նիկոլ Փաշինյան - Ընտրությունների միջոցով ներքին լարումները հաղթահարելու հետաքրքիր փորձառություն էր, դրանք ծառայեցին որպես խնդիրները կարգավորելու գործիք, իսկ նախկինում հիմնականում ընտրությունները դառնում էին ներքաղաքական լարվածության մեկնակետ։ Այս առումով գոհունակությամբ պետք է նշեմ, որ հանրային հուզումների այն մթնոլորտը, որ ունեինք նոյեմբերից մինչև հունիս, լուծված է:
Փաշինյանի խոսքով`արտաքին միջավայրի հետ կապված խնդիրները բավականին բարդ են, և միջավայրը Հայաստանի շուրջ շարունակում է լարված մնալ: «Չնայած այս ամենին՝ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու քաղաքականություն»,- ասել է Կառավարության ղեկավարը՝ ընդգծելով՝ խաղաղությունը միայն Հայաստանից չի կախված:
Նիկոլ Փաշինյան - Ցավոք, պատերազմը մեզ համար ունեցավ դժվար, նույնիսկ աղետալի ընթացք, բայց Հայաստանը, հայությունը, Արցախի ժողովուրդը ցույց են տալիս բացառիկ դիմակայունություն, և դա շատ կարևոր է: Մեզ պետք է ուժերի գերլարում՝ մեր առաջ դրված խնդիրները լուծելու համար, և դրա գագաթնակետը ես ձևակերպում եմ որպես խաղաղ դարաշրջան բացելու անհրաժեշտություն ու հրամայական: Այս ճանապարհին կարևոր է վելուծել նախորդ շրջանը և ճիշտ հետևությունների գալ:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև բազմաթիվ այլ հարցերի, անդրադարձել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, Կառավարության առաջնահերթություններին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տեսլականին: Փաշինյանը հիշեցրել է՝ Հայաստանը վերջին երկու տասնամյակում առաջին անգամ փայաբաժին ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում՝ հանքարդյունաբերական ամենախոշոր ընկերությունում: Առաջիկա տարիներին մինչև 5 հազար աշխատատեղ կստեղծվի:
Նիկոլ Փաշինյան - Հույս ունենք, որ պետության փայաբաժինը ժամանակի հետ կավելանա: Սա ուղղակի փայաբաժնի առք ու վաճառք չէ, այլ մի մեծ ներդրումային ծրագիր է, որն իրականացվելու է Կառավարության աջակցությամբ՝ մասնավոր ընկերության կողմից: Այսօր, երբ Հայաստանի արտահանման կառուցվածքն ուսումնասիրենք, կտեսնենք, որ մի հսկայական մասն ուղղակի խտանյութ է, որը հիմնականում արտահանվում է Եվրոպական միություն, որտեղ դրանից ձուլում են պղինձ: Մենք ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծվի պղնձաձուլարան, ինչը նշանակում է հազարավոր աշխատատեղերի ստեղծում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն անդրադարձել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, Կառավարության գործունեության առանձին ուղղությունների և այլ հարցերի: