2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին:
Ծրագրի առանցքային նպատակը հայ դասական և ժամանակակից գրականության և հայ գրողների հանրահռչակումն էր՝ ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր գրքի ցուցահանդեսի շրջանակում:
Հայաստանի տաղավարում ցուցադրվել են վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն:
Ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ցուցադրվել են նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:
Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։ Նշենք, որ հայաստանյան հրատարակչությունների գրքերը ներկայացված էին մրցույթի 10 անվանակարգում, որոնցից 8-ում արժանացել են մրցանակների։
Հայաստանից առցանց ձևաչափով պարգևատրման արարողությանը ելույթ են ունեցել մրցույթի հաղթող «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը, մրցույթի դափնեկիր «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Սրբուհի Այդինյանը, «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած գրքի հեղինակ, ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի «Համագործակցություն» անվանակարգի մրցանակակիր Եվգենյա Էվոյանը:
Տեղեկացնենք, որ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ՝ Ռուսաստանի պետական գրադարանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք հրատարակչությունների, հեղինակների, գրական գործակալների հետ։ Մոսկվայի Սվիբլովո շրջանի գրադարանին և Մոսկվայի հյուսիս-արևելքի գրադարանների ֆոնդին Հայաստանի պատվիրակության կողմից փոխանցվել է հայագիտական գրականություն։
Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքերը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:
Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նվիրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության գրադարանին: