Երևանն ու Վիլնյուսը պատրաստ են զարգացնել գործակցությունը, տարբեր ոլորտներում օգտագործել չիրացված ներուժը: Աշխատանքային շաբաթը երկու պետության կառավարությունների ղեկավարները սկսում են հայ-լիտվական երկկողմ կապերն ակտիվացնելու մասին պայմանավորվածություններով:
Փաշինյան-Շիմոնիտե առաջին պաշտոնական ձեռքսեղմումն է: Հայաստանի և Լիտվայի վարչապետները նախ առանձնազրույց ունեցան, ապա բարձր մակարդակի բանակցությունները շարունակվեցին ընդլայնված կազմով: Եվրամիության անդամ պետություն այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց դիրքորոշումը՝ տարածաշրջանի համար Հայաստանը որդեգրել է խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք՝ անցնելու այս ճանապարհը: Սակայն ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, եռակողմ համատեղ հայտարարությունների կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը:
Հայաստանի այս օրակարգի նկատմամբ միջազգային գործընկերների ընկալումն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մեծանում է: Վարչապետն արձանագրեց Մինսկի խմբի համանախագհների գործունեության ակտիվությունն ու դրական գնահատեց Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, ըստ վարչապետի, պետք է մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ. ընդգծեց գերիների վերադարձի հարցը:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես նախկինում եմ հայտարարել, պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը, քարտեզների մի մասը փոխանցել ենք: Երեկ էլ ասացի՝ այդ պոտենցյալ հանդիպման ընդառաջ պատրաստ եմ վերցնել բլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար և հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ, իր հերթին, իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդ որում՝ տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլև մեր այն քաղաքացիներին, որոնք, մեր տեղեկություններով, գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ:
Երևանը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը:
Ինգրիդա Շիմոնիտե (Լիտվայի վարչապետ) - Բոլորը, այդ թվում՝ մենք հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի հովանու ներքո: Եվրամիության մակարդակով քաղաքական առաջնորդներ ունենք, որոնք անկեղծորեն մտածում են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության մասին, ես հավատացած և համոզած եմ, որ Եվրամիությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և պրակտիկ խորհուրդներով, լուծումներով կօգնի հակամարտության կարգավորմանը:
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի նախագահի հետ հնարավոր հանդիպման վայրի ու ժամկետի վերաբերյալ սահմանափակումներ չկան՝ ի պատասխան լիտվացի լրագրողի հարցի, հայտարարեց Հայաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյան - Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրի տարածքում: Իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև վերջին ամիսներին ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա:
ԵՐԵՎԱՆ-ՎԻԼՆՅՈՒՍ ՈՒՂԻՂ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹԵՐԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԵՆ ՀԱՅ-ԼԻՏՎԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դեկտեմբերից սպասվող Երևան-Վիլնյուս ուղիղ կանոնավոր չվերթերը կակտիվացնեն հայ-լիտվական հարաբերությունները: Վարչապետ Շիմոնիտեն կարևորեց անօրինական միգրացիայի հարցում Հայաստանի աջակցությունը: Կողմերը ստորագրեցին առողջապահության ոլորտում գործակցության համաձայնագիր: Քովիդի դեմ պայքարում լիտվացի բժիշկները հաջող փորձ ունեն: Հայաստանից առողջապահական համակարգի պատվիրակություն կայցելի Վիլնյուս՝ փորձի փոխանակման համար:
Վարչապետը հանդիպեց նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: Նա հույս հայտնեց, որ երկու երկրի կառավարությունների գործակցությունը նոր թափ կհաղորդի տնտեսական և հումանիտար ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը: Լիտվայի նախագահը կարևորեց նաև Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների շրջանակում գործակցությունն ու լիտվական փորձի փոխանակումը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպեց նաև Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ: Դեկտեմբերին կկայանա Արևելյան գործընկերության գագաթնաժողովը: Լիտվայի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ իր երկիրը պատրաստ է սերտորեն համագործակցել Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Սեյմասում վարչապետ Փաշինյանին ներկայացվեց հայ-լիտվական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված ցուցադրություն: