«Լիտվան Եվրոպական միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի ղեկավարի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով. ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար ամենատարբեր ոլորտներում:
Այսօր մենք ունենք չօգտագործված ներուժ մեր համագործակցությունն ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կանաչ տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Փաշինյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում Լիտվայի վարչապետին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին:
«Շեշտեցի, որ ԼՂ հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա: Բարձր ենք գնահատում ԼՂ հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը»,- ասաց Փաշինյանը: