Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի պատվիրակության՝ ազգությամբ քուրդ անդամը կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ օրեր առաջ ընդունված բանաձևին: Ադրբեջանի և Թուրքիայի մյուս բոլոր պատգամավորները դեմ են արտահայտվել փաստաթղթի ընդունմանը:
Նազելի Բաղդասարյան (ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ) - Մենք այլ երկրներից որևէ դեմ ձայն չենք ունեցել գրանցած, ինչը, կարծում եմ, նաև հետևողական աշխատանքի արդյունք է:
Նազելի Բադդասարյանը քաղաքական և մի շարք այլ առումներով կարևորում է բանաձևի վերջնական վերնագրում «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթի ընդգծումը, հատկապես այն դեպքում, որ Ադրբեջանի նախագահն այն արդեն մեկ տարի է՝ փորձում է դուրս մղել շրջանառությունից:
Նազելի Բաղդասարյան - Սա, կարծես թե, միջազգային հանրության կողմից, ինչու ոչ՝ Հայաստանի պատվիրակության կողմից, լիներ ապտակ, որ այո՝ այս խնդիրը կա և սա միջազգային այս բանաձևում հստակ ֆիքսվել է, որը թույլ տվեք ասել, փոքրիկ, բայց հաջողություն էր մեր պարագայում:
ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա Ադրբեջանի կողմից գերեվարված և պահվող անձանց, չի շրջանցվել նաև Բաքվի ռազմական ավարի պուրակի, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախյան 44-օրյա պատերազմում միջազգային վարձկան ահաբեկիչների օգտագործման փաստը: Բանաձևի մշակման աշխատանքներին մասնակցած, նախորդ գումարման խորհրդարանում ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այս հանգամանքը չափազանց կարևոր է համարում:
Էդմոն Մարուքյան («Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ) - Միանշանակ է, որ ռազմավարի պուրակը պետք է փակվի: Բնականաբար, փափուկ իրավունքի փաստաթղթերով հնարավոր չէ դա անել, շարունակելու են պահել, որովհետև դա իրենց հպարտությունն է, և դա ատելության գեներացիայի ինչ-որ աղբյուր է իրենց համար: Շատ կարևոր է, որ ռազմավարի պուրակի քեյսն անդադար բոլոր հարթակներում ներկայացվի, որն այլընտրանք չտա Ադրբեջանին ուղղակի այն փակելու կամ խուսափելու այս թեմայից:
Թեև ԵԽԽՎ բանաձևերը պարտադիր կատարման ուժ չունեն, սակայն Մարուքյանը վստահ է՝ դրանք կարող են օգտագործվել, օրինակ՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցի շրջանակում:
Էդմոն Մարուքյան - Մենք պետք է շարունակենք այս աշխատանքը, օրինակ՝ ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովներում փորձենք նման բանաձևեր անցկացնել: Այսինքն՝ մենք արդեն միջազգային կարծիք ձևավորենք՝ առ այն, որ Ադրբեջանը միջազգային հանցագործություններ է իրականացնող երկիր է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործություններում կարող են մեղադրվել և հետապնդվել տարբեր երկրներում:
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում քննարկվել է նաև 2021 թ. Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրության վերաբերյալ զեկույցը: Նազելի Բաղդասարյանն ընդգծում է՝ այն խիստ դրական լույսի ներքո է ներկայացրել ընտրության ընթացքը:
Նազելի Բաղդասարյան - Դրական տեղաշարժը և դրական արձանագրումը շարունակվում է՝ ամրապնդելով, որ Հայաստանում ժողովրդավարական գործընթացները շարունակական բնույթ են կրում:
Նազելի Բաղդասարյանը վեհաժողովի ավարտված նստաշրջանը Հայաստանի համար դրական է գնահատում, չնայած այն հանգամանքին, որ պատվիրակության կազմում առաջին անգամ չի եղել որևէ ընդդիմադիր պատգամավոր: Խորհրդարանի «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գևորգյանը Ստրասբուրգ չէր մեկնել, քանի որ դատարանը նրան թույլ չէր տվել երկրից դուրս գալ, իսկ պատվիրակության կազմում ընդգրկված մյուս ընդդիմադիրներ Հայկ Մամիջանյանն ու Արմեն Ռուստամյանը հրաժարվել էին մեկնել վեհաժողովի աշխատանքներին՝ աջակցություն հայտնելով գործընկերոջը:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան