ԻՐԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՎԻՃԵԼԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի և Իրանի միջև ծագած վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության՝ hայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին:
«Երկրի հյուսիս-արևմուտքում վերջերս ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության և ռազմական ներկայության»,- Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:
Նա մյուսներին նույնպես խորհուրդ է տվել խելամիտ վարվել և թույլ չտալ, որ տարածաշրջանը խնդիրների առաջ կանգնի:
«Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, իրենք կհայտնվեն փոսում»,- Թվիթերում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: «Անխախտելի եղբայրություն-2021» անունը կրող զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրի ցամաքային զորքերի գործակցությունը:
«ՎՐԱՑԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԸ» ՀԱՂԹԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Վրաստանի ՏԻՄ ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքել է 43%-ից ավելի՝ 47 տոկոս: Դա այն շեմն էր, որը չանցնելու դեպքում, ըստ ԵՄ խորհդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության, պետք է անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ երկրորդ տեղում՝ 31 տոկոսով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է: Երրորդը նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունն է, որն ստացել է քվեների մոտ 8 տոկոսը: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն այսօր մեղադրանք կառաջադրվի սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ:
Սաակաշվիլին ձերբակալվել է հոկտեմբերի 1-ին:
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ ինչպես անձամբ, այնպես էլ «նորմանդյան» ձևաչափով՝ հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Ինձ համար պարզ է, որ դեմառդեմ հանդիպումը կարող է լինել բավական բովանդակային»,- ասել է նա՝ նշելով, որ այն կարող է անսպասելի արդյունք ունենալ:
ԷՐԴՈՂԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՆՀՆԱՐ ԴԱՌՆԱԼ
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քաղցկեղ է ախտորոշվել, ինչի հետևանքով կարող է անհնար դառնալ նրա հետագա կառավարումը:
Ի պատասխան՝ Էրդողանը բասկետբոլ խաղալու կադրեր է հրապարակել իր էջում և ընդգծել, որ «Առողջության համար կարևոր է սպորտով զբաղվելը, և ես դա անում եմ շաբաթական երեք անգամ»: