Յոթ տասնյակից ավելի հյուրեր, հետաքրքիր մրցութային ծրագիր և բարձրարվեստ կինոյի մեկշաբաթյա ստուգատես: «Ոսկե ծիրան» երևանյան 18-րդ միջազգային կինոփառատոնը վերադառնում է մեկամյա ընդմիջումից հետո: Հետադարձ հայացքով գնահատելով երևանյան կինոփառատոնի գրեթե 20-ամյա պատմությունը՝ «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահը փաստում է՝ փառատոնն առավալագույն չափով իրականացրել է Հայաստանն աշխարհին ներկայացնելու իր առաքելությունը:
Փառատոնը մեկնարկեց ավանդույթից փոքր-ինչ շեղումով. ո՛չ կարմիր գորգ, ո՛չ տոնական հանդիսություններ, բայց հեղինակին կինոյի և արվեստի ֆիլմերի ներկայությունը փառատոնում ապահովված է:
Ավանդույթի համաձայն՝ փառատոնի մեկնարկի հանդիսության ընթացքում «Ոսկե ծիրանի» կազմակերպիչներն արժանին են մատուցում համաշխարհային կինոյի մեծերին ու կինոմթնոլորտ ստեղծողներին: «Փարաջանովյան թալերի» նոր մրցանակակիրն այս տարի փառատոնի պատվավոր հյուր, ամերիկյան կինոյի ամենահնչեղ անուններից մեկն է՝ սցենարիստ և ռեժիսոր, 3 տասնյակ միջազգային կինոփառատոների դափնեկիր Փոլ Շրեդերը: Իսկ «Վարպետ» մրցանակի հասցեատերը իսրայելցի կինոռեժիսոր, Կաննի և Բեռլինի կինոփառատոների մրցանակակիր Նադավ Լապիդն է: Ստանալով երևանյան կինոփառատոնի պատվո մրցանակը՝ նա շարունակում է պնդել, որ լավագույնը, ինչին կարող է առնչվել մարդը, կինոն է:
Նադավ Լապիդ (կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» ՄԿՓ պատվո մրցանակակիր) - Այս փառատոնից իմ գլխավոր ակնկալիքն այն է, որ ևս մեկ անգամ ապացուցեմ, որ կինոն չափազանց կարևոր է մեր կյանքում, որ մարդիկ ընդունեն, որ լավագույն բանը, որ կարող է լինել, կինոթատրոնում լավ ֆիլմ դիտելն է:
Փառատոնի մրցութային ծրագրերին զուգահեռ «Երևանյան պրեմիերաներ» ծրագիրը Երևանում կներկայացնի այս տարվա Կաննի, Բեռլինի և Ա կարգի այլ փառատոների ֆավորիտ ֆիլմերը, այդ թվում նաև Լեոս Կարաքսի «Անետը», Պաուլ Վերհուվենի «Բենեդետտան» և Ասղար Ֆարհադիի «Հերոսը»: