Առաջին անգամ Նոբելյան մրցանակ է ստացել հայ գիտնականը: Բժշկագիտության ոլորտի 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկահայ հետազոտող Արդեմ Պատապուտյանին և Դեյվիդ Ջուլիուսին։ Նոբելյան կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ մրցանակը տրվել է ջերմության և շոշափելիքի ռեցեպտորների վերաբերյալ հայտնագործության համար: 54-ամյա Արդեմ Պատապուտյանը ծնվել է Բեյրութում, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ:
*****
Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Գրել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, որը Ֆրանսիայի 2020 թվականին կայանալիք նախագահի ընտրության թեկնածու է: Թվիթերի էջում նա տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Point-ում հրապարակված «Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը և գրել, որ համաձայն է դրա հետ: Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում կարծիք է հայտնել, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:
*****
Ադրբեջանը նորից հայտնվել է Պանդորայի բացահայտված փաստաթղթերում: Հետաքննող լրագրողների տրամադրության տակ են հայտնվել ավելի քան 100 միլիարդատերերի, 35 համաշխարհային առաջնորդների և 400 պետական պաշտոնյաների օֆշորային գործարքները: Տեղի ունեցածը պատմության մեջ օֆշորային տվյալների խոշորագույն արտահոսքն է: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահները, Չեխիայի վարչապետը, Հորդանանի թագավորը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը խոշոր չափերի հարկերից խուսափելու համար իրենց ունեցվածքը գրանցել են օֆշորներում։ Այդ փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գաղտնի կերպով մոտ 700 միլիոն դոլարի արժողությամբ 17 անշարժ գույք է ձեռք բերել Լոնդոնում։ Ո՛չ Ալիևի աշխատակազմը, ո՛չ էլ նրա ընտանիքի անդամները չեն պատասխանել այդ մեղադրանքների վերաբերյալ լրագրողների հարցերին։
*****
Ադրբեջանի և Իրանի միջև ծագած վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության: Հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: «Երկրի հյուսիս-արևմուտքում վերջերս ստեղծված իրավիճակը պետք է լուծվի առանց տարածաշրջանում օտարերկրյա ուժերի միջամտության և ռազմական ներկայության»,- Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը: Նա մյուսներին նույնպես խորհուրդ է տվել խելամիտ վարվել և թույլ չտալ, որ տարածաշրջանը խնդիրների առաջ կանգնի: «Նրանք, ովքեր փոս են փորում իրենց եղբայրների համար, իրենք կհայտնվեն փոսում»,- Թվիթերում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը:
*****
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը հոկտեմբերի 5-8-ը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում: «Անխախտելի եղբայրություն-2021» անունը կրող զորավարժությունների նպատակն է զարգացնել երկու երկրի ցամաքային զորքերի գործակցությունը:
*****
Զորավարժություն է անցկացվում նաև Թբիլիսիում: Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են «Eternity-2021» համակարգչային աջակցությամբ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնց ընթացքում զինծառայողներն առաջադրանքներ են կատարելու տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանության կազմակերպման ուղղությամբ: Վարժանքները կտևեն մինչև հոկտեմբերի 8-ը: Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Վրաստանում է: Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկվելու են վրաց-ադրբեջանական ռազմական գործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։ Հասանովը մասնակցելու է նաև Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչների` տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող հանդիպմանը։
*****
Ամերիկյան Foreign Policy ամսագիրը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ քաղցկեղ է ախտորոշվել, ինչի հետևանքով կարող է անհնար դառնալ նրա հետագա կառավարումը: Ի պատասխան՝ Էրդողանը բասկետբոլ խաղալու կադրեր է հրապարակել իր էջում և ընդգծել, որ «Առողջության համար կարևոր է սպորտով զբաղվելը, և նա դա անում է շաբաթական երեք անգամ»: