ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանն ազատ չի արձակվի։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր մերժեց Աղվան Հովսեփյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։ Որոշման հրապարակմանը մասնակցել է նաև Աղվան Հովսեփյանը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է:
Հիշեցնենք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու համար: Նա անազատության մեջ է սեպտեմբերի 8-ից։
Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան - Դատարանը հրապարակել է ընդամենը որոշման եզրափակիչը մասը, պատճառաբանական մասին ծանոթ չենք, որովհետև որոշումը ամբողջ ծավալով մեզ չտրամադրվեց: Կծանոթանանք որոշմանը ամբողջությամբ, որից հետո նոր կարող ենք միանշանակ գնահատական տալ: Բնականաբար, վճռաբեկ բողոք կներկայացնենք: Նաև դրանից հետո կքննարկենք նոր հանգամանքի ի հայտ գալու պայմաններում այլ խափանման միջոցի կիրառման համար համապատասխան միջնորդությունը առաջին ատյանի դատարանում ներկայացնելու համար: Գրավի մասին է խոսքը: