Հայաստանը պատրաստակամ է սահմանին սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց. Լիտվայում Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի փորձագիտական համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ այն պետք է հնարավորինս արագ լինի, բայց դրա համար պատշաճ պայմաններ են պետք:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը սահմանագծի երկայնքով, որը, նախ` խախտված է բոլորովին վերջերս, և որտեղ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են տեղի ունենում: Ցավոք սրտի, մայիսի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:
Փաշինյանը խնդրի լուծման հետևյալ տարբերակն է առաջարկում. խորհրդային սահմանագծով զորքերի հայելային հետքաշում և տվյալ տարածքում միջազգային դիտորդների տեղակայում: Երկրի ղեկավարը խաղաղության օրակարգի իրականացման համար կարևորում է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը:
Նիկոլ Փաշինյան - ՀՀ-ն պատրաստ է այս ուղղությամբ առաջ շարժվել, և մեր ընկալումը հետևյալն է, որ ՀՀ-Ն ԱՀ-ն պետք է միմյանց տարածքներով տրանսպորտային հաղորդակցություն ստանան՝ երկաթուղային և ավտոմոբիլային, բոլոր ճանապարհները պետք է բացվեն:
Խոսելով Կովկասում խաղաղության հաստատման և հաղորդակցությունների բացման հնարավորությունների մասին՝ վարչապետը նշել է՝ իշխանություններին ուղղված քննադատությունները հասկանալի են, որովհետև ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնք կասկածի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության հնարավորությունը:
Նիկոլ Փաշինյան - Կա նաև ավելի մեծ հարցադրում, թե ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի ապահովել անվտանգությունը և անվտանգ խաղաղ զարգացումը: Բայց պիտի ընդգծեմ, որ մեր դիրքորոշումը հստակ է, որ ի հեճուկս բոլոր այն հանգամանքների, որոնք կասկածի տակ են դնում խաղաղության օրակարգի մրցունակությունը, մենք հետևողականորեն պիտի առաջ շարժվենք այդ ճանապարհով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հունիսին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ծառայել են որպես ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու գործիք:
Նիկոլ Փաշինյան - Պատերազմից հետո կարևոր էր արձանագրել այն ուղենիշները, որոնց ուղղությամբ ՀՀ-ն պետք է շարժվի: Պետք է խոստովանեմ, որ քաղաքական դաշտում այս հարցերի պատասխաններն այնքան էլ ձևակերպված չէին, սակայն վերջին ընտրությունները գեներացրեցին կոնկրետ քաղաքական բովանդակություն: Ստացվեց այնպես, որ առնվազն մեր քաղաքական ուժի պարագայում նախընտրական քարոզարշավը ոչ այնքան նախընտրական քարոզարշավ էր, որքան երկխոսություն քաղաքացիների հետ, որտեղ նրանք ոչ միայն լսողի, այլև ասողի դերում էին:
Իսկ խաղաղության ճանապարհը, ըստ Փաշինյանի, փոքր քայլերով, բայց զգույշ գործելու մեջ է, այսինքն՝ չշտապել անհաղթահարելի նշաձողեր սահմանելիս, բայց ապահովել կոնկրետ արդյունքներ:
Նիկոլ Փաշինյան - Այս առումով կարևոր է խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ: Եվ պիտի արձանագրեմ, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել սեպտեմբերին Նյու Յուրքում՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որն առաջինն էր վերջին մեկ տարվա ընթացքում: Պիտի արձանագրեմ, որ մենք դրական ենք գնահատում այդ հանդիպումը, կարծես թե Ադրբեջանից նույնպես դրական գնահատականներ են հնչում:
Հայաստանն ունի նաև հումանիտար խնդիրներ՝ արձանագրում է Փաշինյանն ու ընդգծում՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել հայ ռազմագերիներին: Վարչապետը հույս է հայտնել, որ այն օր առաջ տեղի կունենա: