Վրաստանն ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հավաքեց 43 տոկոսից ավելի՝ մոտ 47 տոկոս: Դա այն շեմն էր, որը չանցնելու դեպքում, ըստ ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության, պետք է անցկացվեր խորհրդարանի արտահերթ ընտրություն: ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ երկրորդ տեղում, 31 տոկոսով, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն է: Երրորդը՝ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որն ստացել է քվեների մոտ 8 տոկոսը:
Թբիլիսին առայժմ քաղաքապետ չի ունենա: Նրան և ևս 19 համայնքների ղեկավարների կընտրեն երկրորդ փուլով: Եվրամիությունն ընտրությունները գնահատել է թափանցիկ, բայց բևեռացված: ԱՄՆ դեսպանությունը հանդես է եկել համեմատաբար կոշտ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով ընտրական գործընթացում արձանագրված թերացումների վրա: ԱՄՆ դեսպանությունն ընդգծել է, որ այժմ ժամանակն է քաղաքական դաշինքներ կազմելու, ինչը հնարավորություն կտա հաղթահարել Վրաստանի քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ալբերտ Իոնսոնը հայտարարել է, որ ընտրություններն անցել են լավ, սակայն քաղաքական ճգնաժամի պայմաններում:
Ալբերտ Իոնսոն, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար - Հոկտեմբերի 2-ի ընտրություններն, ընդհանուր առմամբ, լավ էին կազմակերպված, սակայն դրանք անցան երկարատև քաղաքական ճգնաժամի և դրան բնորոշ բևեռացման խորացման պայմաններում:
Ընտրություններում երկրորդ տեղն զբաղեցրած ուժի հիմնադիր, Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մեղադրանք կառաջադրվի՝ սահմանի ապօրինի հատման փաստի կապակցությամբ: Վրաստանը մտադիր չէ նրան արտահանձնել Ուկրաինային, որի քաղաքացի է Սաակաշվիլին: Ի դեպ, արտահանձնվել ինքն էլ չի ուզում՝ հայտնել է երրորդ նախագահի պաշտպանը: Բայց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ կանի ամեն ինչ, որ իր երկրի քաղաքացին վերադառնա, թեև Սաակաշվիլիի Վրաստան գնալու մասին Ուկրաինայի նախագահը չի իմացել:
Վրաստանի գլխավոր դատախազությունը պարզել է, որ Սաակաշվիլին Վրաստանի սահմանն ապօրինի հատել է սեպտեմբերի 29-ին: Այսօր բերման է ենթարկվել նաև թբիլիսյան այն բնակարանի սեփականատերը, որտեղ թաքնվել էր Սաակաշվիլին։ Նաև հայր ու որդի՝ նրան օգնելու համար:
Սաակաշվիլիի ազատ արձակումն են պահանջում նրա համակիրները, որ բողոքի ցույց են անցկացնում Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի մոտ, որտեղ գտնվում է նախկին նախագահը: Նա նշել է, որ ներսից լսում է համակիրների ձայները: Ցուցարարներին հսկում են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները:
«Շնորհակալ եմ, իմ քույրեր և եղբայրներ: Ես լսում եմ ձեր ձայնը բանտում, դա է ինձ ստիպում պայքարել, մենք դեպի հաղթանակ ենք շարժվում»,- ասել է Սաակաշվիլին:
Վրաստանում Սաակաշվիլիի ազատ արձակման պահանջով ստորագրահավաք է սկսվել: Ավելի վաղ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ նա ազատ չի արձակվելու, նաև արձանագրել, որ ընդդիմությունը չկարողացավ հավաքել բավարար ձայն՝ երկրում քաղաքական ճգնաժամ ու անկարգություններ հրահրելու համար։ Երկրի վարչապետը վստահեցրել է, որ իշխող ուժի թեկնածուները համոզիչ հաղթանակ են տանելու նաև հոկտեմբերի 30-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլում: