Ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում ԼՂ համապարփակ և քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցությունների համար՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ ունենք եռակողմ աշխատանքային խումբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ, իր հերթին, բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է. բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները: Ցավոք սրտի, մինչև այս պահը բացված չեն, որովհետև խնդիր կա, որ երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից:
Տրամաբանորեն, այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել: Բայց այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել հումանիտար հարցը, որ էլի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց, ցավոք սրտի, վերադարձված չեն, և ես կարծում եմ, որ ռազմագերիների, գերիների և այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և՛ սահմանների դեմարկացիայի-դելիմիտացիայի, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների, և՛ ԼՂ համապարփակ և քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան»,- ասաց Փաշինյանը: