ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ ասուլիսով:
«Ինչպե՞ս եք հնարավոր համարում տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջանի բացումը, եթե Ադրբեջանը շարունակում է սադրանքի դիմել սահմանին, առաջ քաշել նախապայմաններ, նաև չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ շարունակելով պատանդառության և գերության մեջ պահել հայերին»: «Լուրեր»-ի այս հարցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.
«Պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին միմյանցից, այլ ընդհակառակը՝ նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն:
Ուրախությամբ պիտի արձանագրենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որը, իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ, և, իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է»: