Տարածաշրջանում իրավիճակը չի հանդարտվում: Նախ՝ մայիսի 12-ից Ադրբեջանը շարունակում է լարված պահել Հայաստանի արևելքն ու հարավը, սեպտեմբերի 12-ից էլ փորձում է խոչընդոտել Հայաստան-Իրան բեռնափոխադրումները: Դրան գումարվում են իրար հաջորդող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ պակիստանյան ուժերի ներգրավմամբ: Բացի դրանից՝ Թեհրանի համոզմամբ, տարածաշրջանում ներկա են իսրայելական ուժեր, չեն հեռացել նաև Արցախի պատերազմի համար Անկարայի գործուղած ահաբեկիչները:
Իր սահմանների մոտ լարման ավելացումից անհանգստացած Իսլամական Հանրապետությունն է անցել գործողությունների: Պատասխան զորավարժություններ ու օր օրի կոշտացող հռետորաբանություն: Տարածաշրջանում խաչվում են այլ գերտերությունների շահեր ևս՝ ամերիկյանից մինչև ռուսական, թուրքականից՝ չինական:
Տարածաշրջանում դերակատարման հայտ ներկայացրած Պակիստանը, օրինակ՝ չինական ազդեցության գոտի է համարվում, ու, չնայած Բաքվի հետ Իսլամաբադի եղբայրությանը, Պեկինը Թեհրանի նկատմամբ բացասաբար չի տրամադրված:
Հյուսիսատլանտյան ռազմական բլոկի անդամ Թուրքիան, թվում է, գործողությունները պետք է համաձայնեցներ ԱՄՆ-ի հետ, սակայն Բայդեն-Էրդողան հարաբերությունները ջերմ չես անվանի, հետևաբար, լավագույն ժամանակները չեն թուրք-ամերիկյան հարաբերությունների համար:
Իսկ ի՞նչ խաղադրույքներ է անում Մոսկվան տարածաշրջանում:
Հայաստանի շուրջ զարգացումներում մեծ մայրաքաղաքների հաշվարկները վերլուծել են ռուս փորձագետները՝ Մերի Եգորյանի ռեպորտաժում: