Հարկային հավաքագրումների աճի նոր ցուցանիշները տնտեսագետները դրական են համարում. թվային տվյալները ևս խոսուն են՝ այս տարվա 9 ամսում հարկային եկամուտները և տուրքերը 1 տրիլիոն 137.3 մլրդ դրամ են: Սա 9 ամսվա նախապես հաստատված ցուցանիշից ավելի է 9.9 տոկոսով: Տվյալները հրապարակել է Ազգային ժողովի բյուջետային գրասենյակը:
Միևնույն ժամանակ, այս թիվը 2020-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 11.8 տոկոսով կամ 120,5 մլրդ դրամով, 2019-ի դեպքում՝ 5.4 տոկոսով կամ 58.2 մլրդ դրամով, իսկ 2018-ի ցուցանիշից՝ 28.1 տոկոսով կամ 249.6 մլրդ դրամով:
Տնտեսագետ Կարեն Սարգսյանի գնահատմամբ՝ հարկային հավաքագրումների աճը դրական է, սակայն այն պայմանավորված է նաև այլ գործոններով, այդ թվում՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կատարվող պարտադիր վճարների չափի ավելացմամբ:
Կարեն Սարգսյան, տնտեսագետ - Եթե տեմպը նայում ենք զուտ անվանական թվերով, ապա, կարծում եմ, որ դա նորմալ է, բայց այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք: Մենք պետք է հիշենք, որ 12-ամսյա գնաճը սեպտեմբերի սկզբի դրությամբ կազմել է 8.8 տոկոս:
Կորոնավիրուսի շրջանում հարկային հավաքագրումների վրա առաջացած ճնշումներից կարողացել ենք դուրս գալ՝ կարծում է Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Իհարկե, դեռևս բազմաթիվ ոլորտներ կան, որտեղ պետք են ավելի աջակցող միջոցառումներ, ավելի հետևողական մոտեցումներ, կառավարության կողմից համապատասխան քաղաքականություն՝ աջակցող, խթանող: Սակայն, այնուամենայնիվ, հետքովիդյան այսպես ասած ճգնաժամից աստիճանաբար դուրս ենք գալիս, դա տեսանելի է:
Հավաքագրման աճը, ըստ մասնագետների, նաև պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի արդյունք է: Դրականորեն փոխվել է նաև բիզնես-պետություն շփման ձևաչափը, ինչը ևս ազդում է հարկային համակարգի առավել արդյունավետ գործարկման վրա՝ նկատում է Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Եթե հիմա հաշվի առնենք զուտ անվանական այս եկամուտների գերակատարումը, սա արդեն իսկ ցուցանիշ է, որ հարկային համակարգը նորմալ, արդյունավետ աշխատում է, և հարկման որոշ կառուցակարգեր նորմալ գործում են:
Տարեվերջին բյուջեով նախատեսված հարկային հավաքագրումները կգերակատարվեն, հատկապես, եթե դեկտեմբերին արձանագրվի առևտրի աճ, ինչպես սովորաբար լինում է ամանորից առաջ:
Կարեն Սարգսյան - Այս տեմպերով եթե շարժվենք, բնականաբար առաջիկա 3 ամիսներին միանշանակ կկատարվի, գերակատարումը հնարավոր է, իմ կանխատեսմամբ, 5-7 տոկոս մոտավորապես:
2021 թվականի վերանայված բյուջեով նախատեսվում է հավաքել 1 տրլն 524 մլրդ դրամ, այս պահին այն կատարվել է 74.6 տոկոսով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան