Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Մասնակցում են նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հիմնադրած Միացյալ ազգային շարժումը, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը, խորհրդարանի նախկին նախագահ Նինո Բուրջանաձեի «Միացյալ Վրաստան - ժողովրդավարական շարժումը» և 47 այլ ուժեր:
Այս ընտրություններն անցկացվում են Վրաստանում քաղաքական ճգնաժամի ֆոնին: 2020 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո մոտ կես տարվա ներքաղաքական ճգնաժամն ավարտվեց Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մշակած համաձայնագրով: Միշելի միջնորդությամբ Վրաստանի ընդդիմության և իշխանության միջև ձեռք բերված համաձայնագրում խոսվում էր երկրում առաջիկայում մի շարք ուղղություններով բարեփոխումներ անելու մասին, որոնցից մեկն ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր: Հունիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաստատեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: Ըստ «Միշելի փաստաթղթի»՝ եթե իշխող կուսակցությունը չկարողանա ընտրություններին 43 տոկոսից ավելի աջակցություն ստանալ, 2022 թվականին երկրում խորհրդարանի արտահերթ ընտրություն կնշանակվի: Բացի դրանից՝ հոկտեմբերի 1-ին վեց տարի անց երկիր վերադարձավ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ձերբակալվեց: Չնայած դրան՝ նա խոստանում է ընտրություններում հաղթանակ տոնել, իսկ նրան մտադիր չեն ներել:
Սալոմե Զուրաբիշվիլի (Վրաստանի նախագահ) - Իհարկե, հաճելի չէ նախագահի համար, երբ նախկին նախագահը ձերբակալվում է տեսախցիկների առաջ, բայց արդարադատությունը պահանջում է, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Բոլորն են հարցնում՝ արդյոք նախագահը պատրաստվո՞ւմ է ներել Սաակաշվիլուն: Պատասխանը մեկն է, պարզ ու վերջնական. ոչ և երբեք:
Քվեարկության օրն արգելվում են ընտրատեղամասից 100 մետր հեռավորությամբ մարդկանց կուտակումները, ընտրողների տեղաշարժին խոչընդոտելը կամ ցուցակագրումը։ Իր ընտրությունն արել է «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ երկարատև դադարից հետո»: Նա չի մեկնաբանել Սաակաշվիլու ձերբակալությունը: 2021 թվականի սկզբին Իվանիշվիլին բաց նամակով հայտարարեց Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը լքելու որոշման և քաղաքականությունից հեռանալու մասին: Իսկ նրա հիմնադրած կուսակցության ղեկավարը կարծում է, որ Սաակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու և անկարգություններ կազմակերպելու նպատակով:
Իրակլի Կոբախիձե («Վրացական երազանք» կուսակցության նախագահ) - Նա Վրաստան է ժամանել պետական հեղաշրջում իրականացնելու և երկրում անկարգություններ հրահրելու նպատակով: Հետևաբար իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր միջոցները նրա հնարավոր նոր հանցանքները կանխելու նպատակով:
Սաակաշվիլին հացադուլ է սկսել: Որպես Ուկրաինայի քաղաքացի, նա հանդիպում է պահանջում Ուկրաինայի հյուպատոսի հետ: