Երկնքից երեք խնձոր ընկավ. մեկը՝ հանդիսատեսին, մեկըч դերասաններին, մյուսն էլ՝ Արցախի հեռավոր գյուղը շենացնող երկու նորածիններին:
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ներկայացրեց «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը՝ Նարինե Աբգարյանի վեպի հիման վրա, Կարինե Քոչարյանի բեմադրությամբ:
Արամ Գրիգորյան (Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ) - Շատ տպավորված ենք, շատ հրաշալի բեմադրություն էր:
Ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել Արցախում: Այն հասցրել են ներկայացնել նաև Հայաստանի մի շարք մարզերում:
Կարինե Քոչարյան (ներկայացման ռեժիսոր) - Նպատակս էր վշտից քարացած այս մարդկանց, ինչպես ասում են, մի քիչ հույս տալ, հանել այդ վիճակից:
Ներկայացումը տառապանքների միջով անցած մարդկանց հոգու հզորության, կորուստների ու վերածննդի մասին է: Նյու Յորքից ժամանած ռեժիսորը փորձում է ցույց տալ, որ անցյալ տարվա արհավիրքից հետո Արցախը շարունակում է ապրել:
Կարինե Քոչարյան - Բացի նրանից, որ հանդիսատեսը կծանոթանա ու կտեսնի Արցախը, Արցախի բարբառը կլսի և այլն, ներկայացումը հանդիսատեսին կտա նաև այն, որ նրանք հասկանան, որ մեր սարեր մեջ կորած գյուղերը մեր ինքնությունն են:
44-օրյա պատերազմից հետո Արցախյան թատերախումբն առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալիս Հայաստանի մարզերում: Կմասնակցեն նաև «Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնին:
Մտադիր են «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը ներկայացնել նաև միջազգային բեմերում:
Հեղինակ՝ Սերինե Սերոբյան