Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է վերապատրաստման դասընթաց` ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի և Համաշխարհային մաքսային կազմակերպության Բեռնարկղերի վերահսկողության ծրագրի շրջանակում։
Վերապատրաստման դասընթացին մասնակցել են ինչպես Պետական եկամուտների կոմիտեի, այնպես էլ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ։
Դասընթացի նպատակն էր Համատեղ վերահսկման ստորաբաժանման ձևավորմանն ու դրա կարողությունների զարգացմանն ուղղված հարցերի քննարկումը:
Հունիսի 16-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով Հայաստանը միացել է Բեռնարկղերի վերահսկողության ծրագրին, որի շրջանակում նախատեսվում է ստեղծել ծրագրում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված Համատեղ վերահսկման ստորաբաժանում։
Բեռնարկղերի վերահսկողության ծրագիրը նախատեսում է ՄԱԿ և ՀՄԿ կողմից համատեղ մշակված հատուկ հավելվածի ներդրում, որը լիազորված մուտք ունեցողների համար օպերատիվ-տեղեկատվական հարթակ է՝ ռիսկի բարձր ցուցանիշներ ունեցող բեռնարկղերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու և ուղարկելու նպատակով:
Ծրագիրը համատեղում է անդամ պետության իրավապահ մարմինների կարողություններն ու գործողությունները՝ ուժեղացնելու համար բեռնափոխադրումների նկատմամբ վերահսկողությունը, բարելավելու համար տեղեկությունների համակարգման և վերլուծության ընթացակարգերը՝ գործողությունների կրկնություններից, ավելորդ վարչարարության կիրառումից խուսափելու և բեռնափոխադրման գործընթացների նկատմամբ վերահսկողությունը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու նպատակով: