Տիգրան Ուրիխանյանի կողքին այսօրվանից Տիգրան Արզաքանցյանն է նստելու: «Ալյանսը» նորացված կազմով և նոր ձևաչափով փողոցային պայքար է սկսելու:
Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» կուսակցության նախագահ - Մենք գնում ենք ընդդիմադիր ճանապարհով, խոնարհում ենք մեր կուսակցական դրոշը բոլոր ցանկացողների առջև, պատրաստ ենք ծնկաչոք մոտենալ և դիմել այն բոլոր գործընկերներին, որոնք գիտակցում են, որ պետք է իշխանություն ձևավորել, նաև՝ ընդդիմություն:
Տիգրան Ուրիխանյանն այսօր մարտական էր տրամադրված, խորհրդարանական ընտրություններից ավելի քան երեք ամիս անց ամբիոնից հարցեր ուղղեց իրենց քվե չտված քաղաքացիներին:
Սինքրոն
Տիգրան Ուրիխանյան - Լա՞վ եք, ի՞նչ կա, պատվաստվե՞լ եք, թուրքի հարցը լուծվե՞ց, սահմաններից դուրս եկա՞ն, Ռուսաստանը կատարո՞ւմ է իր պարտավորությունը, շարունակո՞ւմ է ապահովել մեր անվտանգությունը, խաղա՞ղ եք, ամեն ինչ նորմա՞լ է: Այս բենզինի գինը ոչինչ, որ մի քիչ թանկացավ, հետո մի քիչ էլ թանկացավ:
Հունիսի 20-ի խորհրդարանի ընտրությանն ընդամենը 12 հազար ձայն ստացած «Ալյանսն» այն ժամանակ «Մեր տունը» դաշինքով էր պայքարի դուրս եկել: Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի աջակցությամբ ընտրապայքար ծավալած Ուրիխանյանն այսօր հայտարարեց՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններում մոտեցումները պետք է վերանայել:
Տիգրան Ուրիխանյան - Աշխարհում ամենաուժեղ Զինված ուժերի վրա հիմնված անվտանգության համակարգ ունենք, Ռուսաստանի Դաշնության մասին է խոսքը, բայց թուրքը 200 հոգով մտել է մեր երկիր, ինչո՞ւ: Կարող է ասեք՝ դիմել ենք, չեն արել: Դիմելու ձևն այսպիսին է՝ կրակում ես թուրքի վրա և տեղեկացնում, որ տեղի է ունենում գործողություն: Ու եթե նա չի կատարում իր պարտավորությունը, փլուզվում է այդ անվտանգային համակարգը, աշխարհում կմնա մի ՆԱՏՕ: Պետք է այնպիսի իշխանություն ձևավորել, որ չվախենա Վլադիմիր Պուտինի տրամադրությունը գցելուց:
Վեց տարվա պատմություն ունեցող կուսակցության առաջնորդը խոստացավ մնալ ընդդիմության շարքերում այնքան, մինչև վերցնեն իշխանությունը: Իսկ մինչև այդ, ասաց, պատրաստվում են մարդկանց հանել թմբիրից:
Իսկ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար «Ալյանսի» շարքերը համալրած Տիգրան Արզաքանցյանի բնորոշմամբ՝ ինքը պատմական քայլ է անում:
Տիգրան Արզաքանցյան, «Ալյանս» կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահ - Մեր հայացքները նույնն են, մենք պատրաստ ենք միասին ճանապարհ գնալ, մեր երկիրն այս ցնցումներից հանել:
Մի քիչ էլ նեղսրտած՝ խոստովանեց, թեև հայոց լեզվի իր իմացությունը հաճախ կատակների պատճառ է դառնում, բայց վստահեցրեց՝ թշնամուն հաղթելուց և երկրի անվտանգային հարցերը լուծելուց հետո մայրենի լեզվի քննություն կհանձնի:
Տիգրան Արզաքանցյան - Մեր ասածների մեջ ման եկեք ամենակարևորը՝ մեր հայրենասիրական աշխատանքի իմաստը գտեք, ոչ թե տառից բառեր ստեղծեք ու իրար վիրավորեք:
Կուսակցության 9-րդ համագումարի ընթացքում Բարձրագույն խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվեց Տիգրան Արզաքանցյանը, իսկ նախագահ՝ Տիգրան Ուրիխանյանը: