Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է, այդ մասին են վկայում այն փաստերը, թե վերջին երկու տարիների ընթացքում որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ՝ հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Եվրոպայի նոտարների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:Նախարարը Կառավարության ու իր անունից շնորհավորել է բոլոր նոտարներին մասնագիտական օրվա առիթով։
Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նոտարներին, որոնք, Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում, ապահովել են գրագետ աշխատանք՝ ընդգծելով, որ, ի տարբերություն տարիներ առաջ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, դրանք այսօր շատ չեն, իսկ եթե կան, ապա հիմնականում օրենսդրական բացերի հետևանքով են, որոնց լուծումը կտա Արդարադատության նախարարությունը՝ նոտարական համայնքի հետ համագործակցության արդյունքում։
Ներկայացնելով օրակարգային բարեփոխումները՝ նախարար Անդրեասյանն առանձնացրել է դատաիրավական համակարգում ու արդարադատության ոլորտում իրականացվելիք թվայնացման գործընթացը, որը, իր համոզմամբ, կնպաստի ու կօժանդակի նաև նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Եվս մեկ անգամ շնորհավորելով նոտարներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ քաղաքացիների բարեկեցության։
Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է նոտարների պատասխանատու աշխատանքին և ընդգծել, որ քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանք կատարելով՝ նոտարը նպաստում է արդարադատության իրականացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։
Բացման և ողջույնի խոսքին հաջորդել է նորանշանակ վեց նոտարների երդման ու վաստակաշատ նոտարների պարգևատրման արարողությունը։