Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոյին:
Զրուցակիցները քննարկել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող նոր ներդրումային ծրագրերն ու նախագծերը: Վարչապետը նկատել է, որ պղնձաձուլարանի կառուցումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի ծավալների պահանջարկի ավելացման և նոր ազդակ կհաղորդի Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությանը ընկերության 25 տոկոսի նվիրաբերման համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է անցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կապիտալի 15 տոկոսը:
Հույս ունենք, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, կիրականացվեն և կյանքի կկոչվեն, ինչը շատ կարևոր է ոչ միայն Ձեր ընկերութան, այլ նաև մեր տնտեսության համար: Պայմանավորվածությունների իրականացումը կնպաստի Հայաստանի տնտեսության ամրապնդմանը և զարգացմանը: Ծրագրերի հաջող իրականացումը շատ կարևոր է մեզ համար և հույս ունենք, որ դրանք նոր ազդակ կհաղորդեն Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացմանը: Հայաստանի Հանրապետությունը հետաքրքրված է նման նախագծով և կօժանդակի դրա առավել արդյունավետ իրականացմանը:
Ռոման Տրոցենկո («Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ) - Շնորհակալություն Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ մշտական ուշադրության համար, որտեղ վերջին տասնամյակների ընթացքում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ: Մենք ուրախ ենք, որ գործակցում ենք Հայաստանի կառավարության հետ: Դա թույլ կտա կայունացնել կոմբինատի շուրջ իրավիճակը, Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացնել երկարաժամկետ լայնամասշտաբ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը կհասնի շուրջ 4 մլրդ դոլարի:
Հնարավորություն կստեղծվի վերամշակել արտադրանքը, կառուցել նոր արտադրամասեր, որպեսզի Հայաստանն արտադրի պղինձ, այլ ոչ թե խտանյութ, ինչպես նաև նոր ատոմային էլեկտրակայան: Ծրագրերի արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր և հնարավորություններ, ինչը կբացի զարգացման նոր ուղիներ: