Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ միտված ժողովրդավարական հաստատությունների կայացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին և կայուն տնտեսական աճ խրախուսելու համար իրականացվող բարեփոխումներին: Այդ մասին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունում Հայաստանի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառման իր ելույթում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեան՝ փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Պետքարտուղարի տեղակալի խոսքով՝ Վաշինգտոնը ողջունում է ԵԱՀԿ զեկույցի դրական գնահատականը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ և հույս հայտնում, որ նույն արձագանքին կարժանանան նաև գալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Զեան նաև կարևորել է վերջին մեկ տարվա ընթացքում ժողովրդավարական հաստատությունների կայացման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը, ներառյալ՝ ԱՄՆ ու ՀՀ համատեղ ջանքերը հակակոռուպցիոն հանձնաժողովի և պարեկային նոր ոստիկանության ձևավորման ուղղությամբ:
«Դեռևս շատ աշխատանք կա անելու: Մենք ողջունում ենք հնարավորությունները՝ աջակցելու Ձեր ջանքերին՝ ուղղված անկողմնակալ և անկախ դատական համակարգը խթանելուն, խոսքի ազատության նկատմամբ հարգանքը մեծացնելուն և գործադիր իշխանության նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունն ուժեղացնելուն: Արդյունավետ ժողովրդավարական կառավարումը ներառում է նաև ընդդիմադիրների հետ տարաձայնությունների խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելը: Դրանք կենսական նշանակություն ունեցող բարեփոխումներ են, և ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին դրանք իրականացնելու հարցում»,- հայտարարել է պետքարտուղարի տեղակալը: