Պտղաբուծություն, չրագործություն, ագրոբիզնես, ագրարային կրթություն և առողջ սնունդ մեկ դպրոցում․ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ կառուցված Լուսառատի միջնակարգ դպրոցի չրանոցում այս տարի չրեր է պատրաստել՝ օգտագործելով սեփական այգու և համայնքի տնտեսվարողների բերքը:
Վերգուշ Առաքելյան (Արարատի մարզի Լուսառատի միջնակարգ դպրոցի տնօրեն) - ՄԱԿ-ի գրասենյակի ֆինանսական ներդրումներով, աշխատակիցների բարի կամքի դրսևորմամբ, համայնքապետարանի միջնորդությամբ դպրոցի ետնամասում գտնվող կիսաքանդ պահեստը համապատասխան նախագծով վերանորոգվեց, և արդյունքում շահագործման հանձնվեց միջազգային նորմերին համապատասխան այս չրանոցը։
Ծառերը աճեցնում, չրերը պատրաստում են դպրոցի աշխատակիցները, թեև աշակերտները ևս մեծ ոգևորությամբ մասնակցում են աշխատանքներին: Արտադրական գործընթացը մեկնարկել է փոքր ծավալով, սակայն առաջիկա տարիներին նախատեսվում է մեծ արտադրություն կազմակերպել և չրերի վաճառքից ստացված հասույթով դպրոցում բարելավել առողջ սննդի մատակարարման պայմանները:
Վերգուշ Առաքելյան - Մենք արտադրել ենք մոտ 60 կգ չիր: Առայժմ մեզ համար խնդիր է իրացումը, մենք ունենք ֆեյսբուքյան էջ, Լուսառատի միջնակարգ դպրոցի չորանոց. կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ ավելի ակտիվ հետևել մեր ֆեյսբուքյան էջին և գնել որակյալ չրեր։
Չրանոցը կառուցվել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային անվտանգության, սնուցման ազգային կարողությունների հզորացում» ծրագրով: Այն մեկնարկել է 2016 թվականին, որի հիմնական նպատակն է աջակցել դպրոցահասակների սննդակարգի բարելավմանը:
Զարուհի Բեգլարյան (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության ծրագրերի համակարգող) - Ծրագրի դրամաշնորհը տրամադրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, և այս ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք մի շարք փորձնական ծրագրեր, որոնցից կցանկանայի հատկանշել նաև «Կայուն դպրոցական սնունդ» փորձնական ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում մենք ունենք հիմնադրված չրատներ, կոնկրետ՝ Լուսառատի և Վեդիի թիվ 1 դպրոցում։
Ծրագրի նպատակներից են նաև կայուն գյուղատնտեսության վերաբերյալ դպրոցականների իրազեկվածության բարձրացումը, համայնքում՝ աշակերտների և ֆերմերների միջև կապի ամրապնդումը:
Զարուհի Բեգլարյան - Դպրոցը այս ծրագրի շրջանակներում ստանում է եկամուտ, ծրագրի նախապայմաններից մեկն է, որ այդ ստացված եկամուտը պետք է օգտագործվի հենց երեխաների սննդակարգը բարելավելու ուղղությամբ։
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության փորձագետի խոսքով Լուսառատի և Վեդիի դպրոցները ունեն բավարար տեխնոլոգիական պայմաններ, տեղական և միջազգային շուկաների ստանդարտներին համապատասխան, որակյալ արտադրանք թողարկելու համար։
Աննա Հովհաննիսյան (ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության ագրոբիզնեսի ծրագրերի փորձագետ) - Երկու արտադրամասերն էլ փորձարկել են իրենց արտադրանք տալու հմտությունները, փորձում են վաճառքն իրականացնել տեղական շուկայում և նպատակ ունեն 2022 թվականին ավելի մեծ ծավալի արտադրանք տալ միջազգային շուկա դուրս գալու համար։
Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու է 1600 դպրոցական: Իրականացվել են վերապատրաստումներ, դասընթացներ՝ որակյալ արտադրանք տալու համար: Ծրագրի պատասխանատուն ասում է՝ եթե փորձնական ծրագիրը հաջողություն ունենա, նախատեսում են այն իրականացնել նաև հանրապետության մյուս դպրոցներում:
Զարուհի Բեգլարյան - Ծրագրի շրջանակներում իրականացնում ենք ֆինանսական վերլուծություններ, տարբեր մոդելներ են փորձարկվել ջերմատներ, չրանոցներ առավել հաջողված տարբերակները կընդլայնվեն:
Առաջիկայում կամփոփվի ծրագրի առաջին փուլը: Հաջորդ տարի նախատեսվում է մեկնարկել երկրորդը։
Հեղինակ՝ Ծաղկանուշ Միրզոյան