Երևանում երրորդ անգամ կկայանա Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալե: Մեկնարկը տրվեց: «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը 2017 թվականին առաջին անգամ Երևանում հիմնեց Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային բիենալեն՝ երիտասարդ նկարիչներին և գործող արվեստագետներին նոր հարթակ տրամադրելով:
Սոնա Հարությունյան, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ - Ուրախ ենք Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալելի շրջանակներում Հայաստանում հյուրընկալել 353 արվեստագետ 53 երկրից, և հայաստանյան արվեստասեր հանրությանը ներկայացնել 496 փորագրանկար:
Հոկտեմբերի 8-ին Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մեկնարկող բիենալեն Հայաստանում աշխատող դիվանագետները կարևորում են մշակութային կապերն ամրապնդելու տեսանկյունից:
Սեյյեդ Հոսեյն Թաբաթաբայի, Իրանի Իսլամական Հանրապետության Մշակույթի տան տնօրեն - Կարևորում եմ մշակույթի, արվեստի լեզուն և մշակութային միջոցառումները, հատկապես, երբ տեսնում ենք մեր տարածաշրջանում անկայունություն և պատերազմ: Արյունահեղությունը, բռնությունը, պատերազմները կասեցնելու ու դրանց դիմակայելու լավագույն միջոցը մշակույթի լեզուն է, բարեկամության, արվեստի լեզուն է:
Հայաստանում անցկացվող միջազգային բիենալեին մասնակիցների թվով ռեկորդակիրը Լեհաստանն է: Միջազգային ժյուրին ընտրել է այդ երկրի 73 արվեստագետի, նրանց հաջորդում է Հայաստանը՝ 30 մասնակցով, հետո Չինաստանն է, Հնդկաստանը, Ռուսաստանը... այսպես 53 երկրից մասնակից արվեստագետներ:
Սոնա Հարությունյան - Սա այն վառ ապացույցն է, որ 2017 թվականին Հայաստանի մայրաքաղաք Երևանում հիմնադրված գեղարվեստական տպագրության բիենալեն 2021 թվականին արդեն քաղում է իր աշխատանքի արդյունքները:
Բիենալեն կշարունակվի մինչև նոյեմբերի 18-ը: Միջազգային ժյուրին կընտրի գլխավոր, առաջին, երկրորդ, երրորդ մրցանակների: Առանձնացած այլ մասնակիցների կշնորհվեն «Ռուսաստանի մշակութային և գիտական կենտրոնի», «Հայաստան» համահայկական հիմնադրամի հատուկ մրցանակներ:
Հեղինակ՝ Հերմինե Նալբանդյան