ԿԳՄՍ նախարարին Փարիզում ջերմ են դիմավորել ֆրանսիացի գործընկերները։ Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ, կարևորել գործակցությունն ու մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը: Դումանյանն ու Բաշլոյը քննարկել են նաև, թե Արցախի մշակութային ժառանգությունը պահպանելու համար ինչ ուղղությամբ պետք է աշխատեն ու գործակցեն: Նախարարը չի բացառում, որ Հայաստանն ու Ֆրանսիան կաշխատեն նաև մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից արվեստի ոլորտում ծրագրեր իրականացնելու, մասնագետներ վերապատրաստելու ու մշակութային միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ:
Վահրամ Դումանյանի հաջորդ կանգառը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակն է եղել: Նախարարը գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ զրույցում վստահեցրել է՝ կառույցի հետ տարբեր ուղղություններով աշխատանքը պետք է ընդլայնվի, նպաստի նոր նախաձեռնություններին և գաղափարներին: Ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև Գյումրու պատմական կենտրոնի վերականգնման հնարավորությունը։
ԿԳՄՍ նախարարը հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ: Նախարարը ողջունել է Մայր բուհում Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կրթության և կանխարգելման ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի ստեղծումը, հույս հայտնել, որ տարբեր ոլորտներում Հայաստանի և կառույցի գործակցությունը կշարունակվի: