Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
Ողջունելով դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը՝ մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար:
«Վստահ եմ՝ առաջիկայում ևս այս ծրագրերը շարունակական կլինեն: Ուզում եմ վստահ լինեք, որ մարզպետարանն իր ուժերի և հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել այդ ծրագրերի լիարժեք իրականացմանը»,- ասել է Խաչատրյանը:
Դեսպանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և իրականացող ծրագրերին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև վստահեցրել է, որ Նիդերլանդների կառավարությունը պատրաստակամ կլինի համագործակցելու մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության, ինչն էլ արժանացել է մարզի ղեկավարի հավանությանը:
«Պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկություն՝ առավել գործնական հարթակներում»,- նշել է նա:
Դեսպանի խնդրանքով՝ մարզի ղեկավարը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրել են մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները և ներկայում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված գործուն քայլերը: Կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով: