Լոռու մարզի Վահագնաձոր համայնքի փոքրիկներն այլևս ստիպված չեն լինի հաճախել հարևան համայնքների մանկապարտեզներ: Վահագնաձոր համայնքի նախակրթարանը վերաբացվել է:
Ռոզա Փարեմուզյան (նախակրթարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար) - Կրթություն և հավասար հնարավորություն. սա յուրաքանչյուր երեխայի համար է՝ որտեղ էլ նա ապրի, ապրի՝ գյուղում թե քաղաքում:
Այս պահին նախակրթարան է հաճախում 15 երեխա, մինչդեռ այն հնարավորություն ունի ընդունելու մինչև 20 փոքրիկի: Տնօրենի խոսքով՝ կահավորման և գույքի ձեռքբերման կարիք կա, առաջնային է գազօջախի և սառնարանի գնման հարցը:
Ռոզա Փարեմուզյան - Լինելով փոքր համայնք՝ երկար ժամանակ է ֆինանսավորում չէինք ստանում մանկապարտեզի համար, սակայն ապացուցված է, որ վաղ տարիքում երեխայի ուղեղը զարգանում է անասելի արագությամբ, այդ իսկ պատճառով գյուղական համայքնում հարկավոր էր այս մանկապարտեզը:
Կառավարությունը 785 հազար դրամ էլ հատկացրել է Ձորագյուղի մանկապարտեզին՝առաջիկա 3 ամսվա ծախսերը հոգալու համար:
Արշակ Ռամազյան (Ձորագյուղ համայնքի ղեկավար) - Մեր կողմից կարվի ամեն ինչ հնարավորինս, որպեսզի էս ամեն ինչը առանց երեխաների չմնա, այսինքն՝ շարունակի իր բնականոն գործունեությունը:
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և բարերարի աջակցությամբ էլ նախակրթարանի տարածքն ամբողջությամբ վերանորոգվել է և արդեն պատրաստ է ապահովել ավելի քան 20 փոքրիկների նախադպրոցական կրթությունը:
Արշակ Ռամազյան - Այս ծրագիրը մեզ թույլ տվեց, ինչպես քաղաքի բոլոր մանկապարտեզները, բնականոն աշխատանքային ժամերով գան ու գնան երեխաները:
Լոռու մարզպետի խոսքով՝ հատկապես փոքր գյուղական համայնքներում նախակրթարանները չափազանց կարևոր են: Դրանք ապահովում են երեխաների նախադպրոցական կրթությունն ու համայնքում նոր աշխատատեղեր ստեղծում:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյան - Կրթությունը սկսվում է նախադպրոցական ուսումնական հաստատություններից, որը դրականորեն է ազդում տարրական կրթության որակի վրա: Սա նաև խթանում է մարզերի և համայնքների համաչափ զարգացմանը:
Պետություն-համայնք համատեղ ծրագրի շրջանակում Լոռու մարզում կառուցվում է ևս 5 մանկապարտեզ: