ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը:
Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը:
Մարզպետը համայնքի ղեկավարի և բարերարի ուղեկցությամբ շրջել է սպորտային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին՝ բարձր գնահատելով բարերարի ներդրումն ու այն համարելով առողջ սերունդ ունենալու կարևոր գրավական:
Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ նախ իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիների հիշատակին՝ ընդգծելով, որ պատերազմ կոչված արհավիրքից հետո անհրաժեշտ է եռակի, քառակի անգամ պարտավորված լինել ստեղծարար աշխատանքով արժանին մատուցելու հերոս նահատակներին:
Թվարկելով միայն վերջին երեք տարում Աղավնատանը կառավարության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ կարևորել է բարերարների, մասնավոր հատվածի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք: