Հայաստանի ազգային պատկերասրահը 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքում ներկայանում է նոր՝ «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ քարոզչական նախագծով, որը հանրայնացնելու է այն հավաքորդների, բարերարների ու նվիրատուների անուններն ու կենսագրությունները, որոնց շնորհիվ պատկերասրահի հավաքածուները հարստացել են բացառիկ արժեքներով: Ըստ էության, պատկերասրահը բացում է իր հետնաբեմը՝ մոռացության ստվերից հանելով ազգային մշակույթի մեկենասների անունները:
Այվազովսկի, Մախոխյան, Շաբանյան, Մահտեսյան. նոր ցուցադրությունը ներկայացնում է մեծ գեղանկարիչների հայտնի և անհայտ գործերը, որոնք Ազգային պատկերասրահին են փոխանցել խոշորագույն նվիրատուները՝ Աբրահամ Ջինջյանը, Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ Բասմաջյանը և ազգային մշակույթի այլ նվիրյալներ:
Նրանցից շատերը հայտնի հավաքորդներ էին ու գեղանկարչության մեծ գիտակներ, որոնց փորձագիտական գնահատականներից հաճախ օգտվում էին հեղինակավոր աճուրդները: Շատերն էլ հրաժարվել են առաջարկված մեծ գումարներից և իրենց հավաքածուները փոխանցել անհատույց: Մինչև ցուցադրությունը նախագծի համադրողը ծավալուն հետազոտական աշխատանք է կատարել ու համալրել նվիրատուների պատմությունը:
Այվազովսկու ցուցադրված գործերը Հայաստան են բերվել մեկ դար առաջ՝ Պատկերասրահի հիմնադրման առաջին տարիներին: Առաջին խոշոր նվիրատուն մոսկվաբնակ ճարտարապետ Հակոբ Էքիզյանն էր, որն անձամբ ճանաչել է Այվազովսկուն: Ներկայացված են մեծ ծովանկարչի տարբեր ստեղծագործական շրջանների գործերը, նաև նրա հեղինակած կրծքազարդերը:
Իր մեկդարյա հոբելյանի առիթով պատկերասրահը որակապես նոր ռազմավարություն է մշակել՝ առավելագույն չափով հանրությանը հասանելի են դարձնելու նախկինում փակ ոլորտները՝ պատկերասրահի պահոցները, արխիվային նյութերն ու հետազոտական աշխատանքը: