Մեխանիկական ոռոգման փոխարեն՝ ինքնահոս, մայր և երկրորդային ջրանցքների ու ներտնտեսային ցանցի վերականգնում: Հայաստանում ոռոգման համակարգերի երեք ուղղությամբ արդիականացման ծրագիրն ակտիվ ընթացքի փուլում է: Շահառու 43 համայնքում աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, ոռոգման համակարգերը՝ հանձնված շահագործման։ Այգեգործներին հատկացվող ջուրն այսուհետև ամբողջությամբ կհասնի բույսին:
Ժորժ Դովլաթյան (այգեգործ) - Ջուրը մինչև 250 մետր հասնում էր տեղ, տևում էր չորս ժամ: Հիմա կտևի 15 րոպե:
Կորուստներն են կրճատվելու, ասում են այգետերերը: Վերջապես որքան ջրի համար վճարեն, այդքանն էլ կստանան:
Վարդան Սաղաթելյան (այգեգործ) - Տարբերությունը, հեսա կզգանք, շատ մեծ է լինելու: Կորուստ ընդհանրապես չի լինի:
Ոռոգման համակարգերի արդիականացումը հնարավոր դարձավ Կառավարության ու Եվրասիական զարգացման բանկի գործակցության շնորիվ: Համակարգում ներդրվել է 50 միլիոն դոլար: Ծրագրի իրականացման արդյունքում տարեկան կխնայվի 11.8 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա, համակարգի շահագործման ծախսերը կկրճատվեն 300 միլիոն դրամով:
Աշոտ Խաչատրյան (ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ջրային ծրագրերի իրականացման մասնաճյուղի տնօրեն) - Ծրագրի իրականացումը լուրջ խթան կհանդիսանա գյուղատնտեսության զարգացմանը, հետևաբար նաև պարենային անվտանգությանը և ոռոգման ջրի կառավարումը կդառնա արդյունավետ:
Եվս 10.5 հազար հեկտարով կավելանան ոռոգվող հողատարածքները, շահագործումից դուրս կհանվի 8 պոմպակայան: Նախատեսվում է վերականգնել ավելի քան 64 կիլոմետր ջրանցք: Կվերանորոգվի 259.1 կիլոմետր ներտնտեսային ցանց:
Աշոտ Խաչատրյան - Ծրագրի երրորդ բաղադրիչը ներտնտեսային ցանցերի վերականգնումն իրականացվում է 104 համայնքում, որից աշխատանքներն ավարտվել են 43 համայնքում:
Այս պահին ծրագիրն ակտիվ փուլում է Հայաստանի 50 համայնքում։ Կաշխատեն ամբողջ ձմեռ՝ ասում է ծրագրերի իրականացման պատասխանատուն, հաշվարկել են՝ Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Կոտայքում, Արագածոտնում, Գեղարքունիքում, Սյունիքում, ինչպես նաև Երևանում նոր ոռոգման սեզոնին նորացված համակարգից կօգտվի 115 հազար 141 շահառու: