2021-ին լրանում է ֆրանսահայ հայտնի ռեժիսոր և սցենարիստ Անրի Վեռնոյի 100-ամյակը: Նշանավոր կինոգործչի հոբելյանը Ֆրանսիան նշում է մեծ հանդիսավորությամբ:
Անրի Վեռնոյին նվիրված համերգը տեղի ունեցավ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լեփ-լեցուն դահլիճում: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը, դեսպաններ, խորհրդարանականներ, ֆրանսահայեր:
Վահրամ Դումանյան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար - Խոսվեց Անրի Վեռնոյի տաղանդի մասին, իր կատարած անգնահատելի, բարձրակարգ աշխատանքների մասին, որոնք խորը հետք են թողել մշակութային պատմության մեջ: Կարևորը նաև այն է, որ միջոցառումը տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնական գրասենյակում՝ Փարիզում: Մենք մեր պատվիրակությամբ ներկա գտնվելով այս երեկոյին՝ շատ բարձր ենք գնահատում նման միջոցառումների կազմակերպումը:
Աշոտ Մալաքյան անուն ազգանունով ռեժիսորը հայության սիրելին դարձավ իր «Մայրիկ» ֆիլմով, որի և՛ ռեժիսորը, և՛ սցենարի հեղինակն է, և որտեղ իր ընտանիքի պատմությամբ ներկայացնում է ցեղասպանության հետևանքները հաղթահարած հայ գաղթականների կամքն ու տոկունությունը: Վեռնոյը մոտ 60 լիամետրաժ կինոնկարի հեղինակ է: Իր ֆիլմերի ու սցենարների համար արժանացել է բազում մրցանակների:
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է Անրի Վեռնոյի մասին ֆիլմը, համերգային ծրագրին զուգահեռ ցուցադրվել են նրա ֆիլմերի թվայնացված ազդագրերը: Ժան-Կլոդ Պըտիի ղեկավարած ֆրանսիական «Պա դը լու» նվագախմբի կատարմամբ հնչել են հայտնի կինոգործչի ֆիլմերի երաժշտությունները:
Նախարար Դումանյանը Փարիզում հանդիպել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ, քննարկել ադրբեջանական հսկողության տակ անցած մշակութային ժառանգության պաշտպանության հարցը: Անդրադարձ է կատարվել Արցախ ու հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության գործուղմանը: Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավարի հետ հանդիպմանը նախարարն ընդգծել է վիրավոր զինծառայողներին ցուցաբերած Ֆրանսիայի բուժօգնության մասին:
Վահրամ Դումանյան - Ֆրանսիացի բժիշկները պատերազմի օրերին եկել էին Հայաստան, անգնահատելի օգնություն են ցուցաբերել մեր զինվորներին, կատարել հարյուրավոր բարդ վիրահատություններ:
Քննարկվել են գործակցության ծրագրեր՝ բժիշկների շարունակական վերապատրաստման, կատերալագործման համար: Հոկտեմբերի13-15-ը Երևանում կկայանա ֆորում՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի վիրավորների վերականգնողական բուժմանը: Համաժողովին կմասնակցեն նաև Ֆրանսիայից ժամանած բժիշկներ: