Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Միավորված ազգերի կազմակերպության Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչներին:
Հանդիպմանը մասնակցում էին ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը, ՊԳԿ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» (LEAD) ծրագրի ղեկավար Հասմիկ Քոչարյանը, ՊԳԿ ավագ տնտեսագետ/ծրագրերի ղեկավար Վարդան Բարսեղյանը:
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ՊԳԿ հայաստանյան գրասենյակի առաջնահերթությունները երկրում, ընթացիկ և նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ Տավուշի մարզում, ինչպես նաև տեղեկացնել հանդիպման մասնակիցներին LEAD ծրագրի գործունեության և առաջընթացի մասին:
Հայկ Ղալումյանը կարևորել է մարզային զարգացման ծրագրերի առկայությունը, մասնավորապես՝ ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք միառժամանակ կօգնեն մի քանի համայնքների և ոլորտների, կխթանեն գյուղատնտեսական գործունեությունը:
Կողմերը պարտավորվել են ամրապնդել իրենց համագործակցությունը։ Մարզում ծրագրերն ու միջամտությունները կձևավորվեն` լուծելու մարզային իշխանությունների կողմից վեր հանված հիմնական մարտահրավերները, որոնք համահունչ կլինեն մարզային զարգացման ռազմավարություններին:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում՝ ՊԳԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) համատեղ ջանքերով: ՊԳԿ-ն շահագրգռված է մարզային իշխանությունների հետ ավելի խոր համագործակցությամբ` մարզերում գյուղատնտեսական և բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար։