Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է: Լուրը հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլի, Վրաստանի վարչապետ - Ցանկանում եմ հայտնել, որ Վրաստանի երրորդ նախագահ, հետախուզվող Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել է և փոխանցվել է Պատիժների և պրոբացիայի ծառայությանը:
Այսօր առավոտյան Սաակաշվիլին Ֆեյսբուքի ուղիղ միացումով հայտարարել էր, որ ութ տարի անց կատարել է խոստումը և վերադարձել հայրենիք: Երկրի ներքին գործերի նախարարությունն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Վրաստան մտնելուն պես նախկին նախագահը կձերբակալվի, Բաթումում լինելու մասին նրա ֆեյսբուքյան միացումը ոչ միանշանակ արձագանքների էր արժանացել:
Միխեիլ Սաակաշվիլի, Վրաստանի նախկին նախագահ - Սա Բաթումն է: Բաթումի տեխնոլոգիական համալսարանը պետք է լիներ այստեղ, բայց այն քանդվեց: Ես շատ էի կարոտել այս վայրը: Այսօր իմ երազանքների իրականացման օրն է:
Ֆեյսբուքում Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութը մեկնաբանելով՝ «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահը նրան ծաղրածու անվանեց: Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության անդամ Մուրման Դումբաձեն հաղորդագրություն տարածեց, որ Սաակաշվիլին հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ավարտից հինգ րոպե անց կներկայանա հանրությանը, ինչը նրան արդեն չի հաջողվի:
2013-ի ընտրություններում պարտվելուց հետո Սաակաշվիլին լքել է Վրաստանը և 2015-ից Ուկրաինայի քաղաքացի է: Սաակաշվիլիի նկատմամբ Վրաստանում ծանր հոդվածներով քրեական գործեր են հարուցվել, դատարանը նրան կալանելու որոշում է ընդունել: Թբիլիսին նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: